Երևանից Բըրբանք․ Արման Մարգարյանի ճանապարհն ու հայկական ինքնությունը
23 Հուլիսի 2026, 22:30
Հումորիստ, գրող և պրոդյուսեր Արման Մարգարյանը Alpha News-ի տաղավարում պատմել է իր անցած ճանապարհի, ընտանեկան արժեքների և հումորի ոլորտում հաջողության իրական գնի մասին։
Արմանի կյանքի ճանապարհը կապված է մի քանի քաղաքների հետ․ ծնվել է Երևանում, մեծացել Փասադենայում, իսկ այժմ ապրում է Բըրբանքում։ Ամերիկայում հայկական ընտանիքում մեծանալը նա բնութագրում է որպես յուրահատուկ, երբեմն էլ՝ շփոթեցնող փորձառություն։
«Տան ներսում Հայաստանն էր, իսկ դրսում՝ Ամերիկան․ տանը՝ հայկական մշակույթը, լեզուն, ավանդույթները, իսկ դրսում՝ լրիվ այլ միջավայր։ Մեր սերնդի համար դա երբեմն շփոթեցնող էր, որովհետև մեր ծնողները նոր էին տեղափոխվել այնտեղ։ Նրանք լիովին չէին հասկանում, թե ինչ է կատարվում ամերիկյան հասարակության մեջ, բայց հաճախ կարծում էին, թե հասկանում են։ Այդ պատճառով մեր սերունդը շատ սխալներ գործեց, անցավ տարբեր դժվար ճանապարհներով, բայց, ի վերջո, հաղթահարեցինք դրանք»,- նշել է նա։
Խոսելով ապագա երեխաներին հայեցի դաստիարակելու մասին՝ Մարգարյանը ընդգծել է, որ հայկական մշակույթը պահպանվում է առաջին հերթին սիրո միջոցով։
«Երբ ինչ-որ բան իսկապես սիրում ես, ցանկանում ես, որ երեխաներդ նույնպես սիրեն դա։ Եթե դու իսկապես նվիրվածությամբ ես վերաբերվում լեզվին, երաժշտությանը կամ ավանդույթներին, այդ սերը բնական ձևով փոխանցվում է»,- ընդգծել է հումորիստը։