Սփյուռքի Ազգային Զորաշարժի Խորհրդաժողովի մասնակիցները քննարկել են առաջիկա ռազմավարական քայլերը

23 Հուլիսի 2026, 17:16

Քաղաքականություն

Կայացել է Սփյուռքի Ազգային Զորաշարժի Խորհրդաժողովի առցանց նիստը, որից հետո Համադրող կազմը հանդես է եկել հայտարարությամբ։ Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․

«2026 թվականի հուլիսի 18-ին Սփյուռքի Զորաշարժի Խորհրդաժողովի Համադրող կազմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Փարիզում 2026 թվականի ապրիլի 11-12-ին գումարված խորհրդաժողովին հաջորդող առցանց նիստը, որը համախմբեց խորհրդաժողովի մասնակիցներին՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքի 25 տարբեր երկրներից։

Ժողովը գումարվեց այնպիսի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը շարունակում է դիմագրավել Արցախի բռնի հայաթափման հետևանքները, արցախահայության հավաքական իրավունքների պաշտպանության, Հայ Դատի միջազգային հետապնդման, ազգային ու հոգևոր արժեքների պահպանման, ինչպես նաև Սփյուռքի համախմբված դերակատարմանն առնչվող լուրջ մարտահրավերներ։ Միևնույն ժամանակ, Հայաստանում արձանագրվող ժողովրդավարական հետընթացն ավելի ակնհայտ է դարձնում համազգային համախմբման և ակտիվության անհրաժեշտությունը։

Նիստը առիթ հանդիսացավ վերարժևորելու Փարիզի խորհրդաժողովի արդյունքները, ներկայացնելու վերջին երեք ամիսների ընթացքում կատարված աշխատանքները և քննարկելու հետագա քայլերը։ Համադրող կազմը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք իրականացվել են խորհրդաժողովից ի վեր՝ ներառյալ չորս կլոր սեղանների մասնակիցների միջև կազմակերպված աշխատանքային հանդիպումները, զեկույցների ու համառոտագրերի պատրաստումը, ինչպես նաև մամուլում, սոցիալական ցանցերում և համայնքային շրջանակներում արձագանքների տարածումը։

Նիստի ընթացքում ցուցադրվեց խորհրդաժողովն ամփոփող տեսանյութը, որը դարձյալ ընդգծեց խորհրդաժողովի նշանակությունը և դրա շուրջ ձևավորված դրական նոր հեռանկարները։

Քննարկումների ընթացքում ներկայացվեցին նաև կլոր սեղանների վերջնական ամփոփագրերը, որոնք վերաբերում են Սփյուռքի ռազմավարական դերակատարման, ազգային ինքնության ու արժեքների պահպանման, Հայաստան–Սփյուռք հարաբերությունների զարգացման և համազգային նպատակների շուրջ սփյուռքյան զորաշարժի ամրապնդման հարցերին։

Հատուկ ներկայացվեց խորհրդաժողովին նվիրված կայքէջը, որտեղ տեղադրվելու է խորհրդաժողովի ամբողջ արխիվը՝ զեկույցները, տեսագրությունները, լուսանկարները, հայտարարագիրը, հոդվածները, հարցազրույցները և այլ նյութեր՝ ապահովելով կատարված աշխատանքների երկարաժամկետ պահպանությունն ու հանրային մատչելիությունը։

Ժողովի եզրափակիչ քննարկումը նվիրվեց ապագա ուղղություններին։ Մասնակիցները վերահաստատեցին, որ Փարիզի խորհրդաժողովում ձևակերպված սկզբունքներն ու առաջնահերթությունները շարունակում են մնալ համահայկական օրակարգի առանցքային բաղադրիչներ, և ընդգծեցին համախմբված, կազմակերպված ու շարունակական աշխատանք տանելու անհրաժեշտությունը՝ ի նպաստ Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության ազգային շահերի։

Առցանց նիստը ևս մեկ անգամ հաստատեց, որ Փարիզի խորհրդաժողովը ոչ թե եզակի միջոցառում էր, այլ Սփյուռքի ուժերի համախմբման ընթացքի սկիզբ, որը նպատակ ունի միավորել սփյուռքյան ներուժը և այն ծառայեցնել համազգային ռազմավարական նպատակների իրականացմանը»։