Արեգնազ Մանուկյանի կալանավորման բողոքը 14 օր է՝ չի մակագրվել․ Տաթևիկ Սողոյան

31 Հուլիսի 2026, 18:48

Քաղաքականություն

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտնել է, որ ընդդիմադիր գործիչ Արեգնազ Մանուկյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքը, որը, ըստ օրենքի, ենթակա է անհապաղ քննության, արդեն 14 օր է՝ չի մակագրվել Վերաքննիչ քրեական դատարանի որևէ դատավորի։

Փաստաբանի խոսքով՝ ձգձգման պատճառը առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանի գործողություններն են, որոնց հետևանքով գործի նյութերը սահմանված կարգով չեն փոխանցվել Վերաքննիչ դատարան։

«Արդեն երկու շաբաթ է անցել, սակայն Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բերված և անհապաղ քննության ենթակա բողոքը դեռևս չի մակագրվել որևէ դատավորի։ Պատճառը Մանվել Շահվերդյանի «փայլուն» աշխատանքն է, որի հետևանքով գործի նյութերը օրենքով սահմանված կարգով չեն փոխանցվել Վերաքննիչ դատարան»,- գրել է Սողոյանը։

Նա նաև նշել է, որ Մանվել Շահվերդյանն այն դատավորն է, որի որոշմամբ, փաստաբանի պնդմամբ, 13-ամյա աղջիկ երեխան զրկված է մոր հետ շփվելու իրավունքից։

Սողոյանի տեղեկացմամբ՝ արդեն գրությամբ դիմել են դատարանի նախագահին՝ պահանջելով պարզաբանել բողոքի քննության ձգձգման պատճառները։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում կդիմեն նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։