Մատենադարանի մասնագետները վերականգնում են Ամերիկայի հայկական թանգարանի ձեռագրերը
19 Օգոստոսի 2023, 23:50
Մատենադարանի մասնագետները սկսել են Ամերիկայի հայկական թանգարանի 21 ձեռագրերի վերականգնումը։ Այս մասին հայտնել է Մատենադարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը։
«Մաշտոցյան Մատենադարանի և Ուոթերթաունի Ամերիկայի Հայկական Թանգարանի (ԱՀԹ) համագործակցությունը սկսվել է 2022 թվականից՝ ձեռագրերի ընդարձակ նկարագրությամբ, որն իրականացրել է Մատենադարանի գիտաշխատող, այժմ գլխավոր ավանդապահի պարտականությունները կատարող Դավիթ Ղազարյանը։ ԱՀԹ-ն ԱՄՆ-ում հայ արվեստի նմուշներ ունեցող ամենամեծ հաստատությունն է։
Այժմ Մատենադարանի Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը, ավագ վերականգնող Սուսաննա Բարսեղյանը և գլխավոր ավանդապահի պարտականությունները կատարող Դավիթ Ղազարյանը գտնվում են Ուոթերթաունում, ուր տեղում սկսել են ձեռագրերի նորոգման աշխատանքները։
Մատենադարանի աշխատակիցներն այցի առաջին օրը հանդիպել են թանգարանի տնօրեն Ջեյսոն Սոհիկյանի հետ, զրուցել աշխատանքի ընթացակարգի մասին, շրջայց կատարել ցուցասրահներով։ Բուն աշխատանքն արդեն մեկնարկել է․ ձեռագրերի ախտահանում, ամբողջականության ստուգում և վերականգնում»,- նշված է հաղորդագրության մեջ։