«Ռոսզդրավնադզոր»-ը ժամանակավորապես արգելել է հայկական «Ներարկման ջուր» դեղամիջոցի շրջանառությունը

03 Օգոստոսի 2026, 15:29

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության առողջապահության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսզդրավնադզոր) ժամանակավորապես արգելել է «Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ի արտադրած «Ներարկման ջուր» դեղամիջոցի շրջանառությունը։

Գերատեսչությունը հուլիսի 31-ին հրապարակել է թիվ 01Ի-886/26 տեղեկատվական նամակը, որով հայտնել է կասեցման մասին։ Որոշման պատճառը եղել է այն, որ հայ արտադրողը «Ռոսզդրավնադզոր»-ի ավտոմատացված տեղեկատվական համակարգ (ԱՏՀ) չի ներկայացրել իր արտադրանքի որակի պարտադիր փորձարկումների արձանագրությունները։

Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ դեղատները և բժշկական հաստատությունները պարտավոր են անհապաղ հանել տվյալ խմբաքանակները շրջանառությունից, դրանք տեղափոխել կարանտինային պահպանման և դադարեցնել դրանց կիրառումը բժշկական նպատակներով։

Սահմանափակումը կգործի մինչև այն պահը, երբ ընկերությունը կներկայացնի դեղամիջոցի անվտանգությունը հաստատող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։