«Հանգստացնելու» հետևանքով ուղեղի ցնցում․ Լևոն Քոչարյանը դատարանում հակադարձել է ոստիկանին
03 Օգոստոսի 2026, 19:30
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն-Նորք Մարաշ» նստավայրում ընթացող դատական նիստի ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարցեր է ուղղել վկայի կարգավիճակով հանդես եկող Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայող Սասուն Ստեփանյանին։
Լևոն Քոչարյանն անդրադարձել է իրեն բերման ենթարկելու պահին մեքենայում տեղի ունեցած դեպքերին՝ հակադարձելով ոստիկանի այն պնդումներին, թե իրեն փորձել են հանգստացնել։
Քոչարյանը հիշեցրել է, որ ոստիկանների «հանգստացնելու» գործողությունների հետևանքով ինքը ստացել է ուղեղի ցնցում, ինչը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ, մինչդեռ ոստիկաններից որևէ մեկը նույնիսկ քերծվածք չի ունեցել։