2018-2025 թթ-ին Ադրբեջանի ռազմական ծախսերը Հայաստանից երեք անգամ ավելի են եղել․ Լևոն Քոչարյան
04 Օգոստոսի 2026, 16:22
«Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ 1998-2008 թվականներին Հայաստանի ռազմական ծախսերը եղել են 3.33 միլիարդ դոլար, Ադրբեջանինը՝ 7.35 միլիարդ. տարբերությունը եղել է մոտ 2.2 անգամ։ 2018-2025 թթ-ին այդ տարբերությունը հասել է երեք անգամի»,- այս մասին ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությանը։
Պատգամավորն ընդգծել է, որ իշխող քաղաքական ուժն անընդհատ փորձում է շահարկել անցյալի դեպքերը, Մարտի 1-ի կամ Հոկտեմբերի 27-ի թեմաները, որպեսզի խուսափի ներկայիս խնդիրների վերաբերյալ պատասխանատվությունից և օրակարգային հարցերին պատասխանելուց։
«Երբ խոսում ենք այսօր տեղի ունեցող անարդարությունների մասին, դուք հիշում եք 20-30 տարվա պատմությունները։ Հարցնում ենք՝ Տիգրանաշենը վերջը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, ուղիղ պատասխան չկա։ Ութ տարի է՝ իշխանության եք, ունեք բոլոր լծակները, բայց երբ կոնկրետ թեմայի վերաբերյալ ասելիք չունեք, անընդհատ վերադառնում եք անցյալին»,- նշել է Լևոն Քոչարյանը։