Յուրաքանչյուր արտիստ պետք է հավատարիմ մնա իր ստեղծագործական ուղուն․ Արթուր Հակոբյան
06 Օգոստոսի 2026, 23:47
Երգիչ Արթուր Հակոբյանը (Միստր X) Alpha News-ի տաղավարում խոսել է առաջիկա ստեղծագործական ծրագրերի, հայկական էստրադայի ներկայիս վիճակի և որակյալ երաժշտության տարածման կարևորության մասին։
Նա անդրադարձել է նաև առաջիկայում Լոս Անջելեսում կայանալիք համերգին, որին կմասնակցեն կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, ինքը՝ Արթուր Հակոբյանը և մշակույթի այլ ներկայացուցիչներ։
«Արդեն շուրջ երեք տարի է՝ Արմեն Մարտիրոսյանի հետ աշխատում ենք մեր նախագծի վրա։ Կազմակերպում ենք տարբեր համերգներ։ Մեր ծրագրում ընդգրկված են հայերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն և ֆրանսերեն երգեր։ Համաշխարհային դասական ստեղծագործությունների կողքին ներկայացնում ենք նաև մեր հեղինակային երգերը, ինչպես նաև հնչում են մաեստրո Արմեն Մարտիրոսյանի ստեղծագործությունները»,- ասել է Արթուր Հակոբյանը։
Խոսելով հայկական երաժշտարվեստի ներկայիս վիճակի մասին ՝ երգիչը նշել է, որ, իր գնահատմամբ, վերջին երկու տասնամյակներում էստրադայի ուղղվածությունը փոխվել է, սակայն իրավիճակը հնարավոր է բարելավել։
Երգիչն անդրադարձել է իր ստեղծագործական գործունեության սկզբնական տարիներին՝ նշելով, որ ի սկզբանե փորձել է հանդիսատեսին ներկայանալ նոր ձևաչափով։
«Մենք ի սկզբանե բարձր նշաձող էինք սահմանել։ Երբ նոր էի սկսում կարիերաս, կատարում էի Ալբինոնիի «Ադաջոն», Շուբերտի «Ավե Մարիան»։ Այդ ստեղծագործությունները ներկայացրինք հայերեն մշակված տեքստերով, իսկ «Կիլիկիա»-ն՝ անգլերեն։ Այդ տարիներին նման մոտեցումները գրեթե չէին կիրառվում, բայց մենք կարծում էինք, որ հանդիսատեսին պետք է ներկայանալ նոր գաղափարներով ու ձևաչափով»,-ասել է Արթուր Հակոբյանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր արտիստ պետք է հավատարիմ մնա իր ընտրած ստեղծագործական ուղղությանը, ապահովի միջազգային չափանիշներին համապատասխան որակ՝ միաժամանակ պահպանելով հայկական երաժշտության ինքնատիպությունը։