Փաշինյանը նպաստում է Պուտինի և Ալիևի միջև հակամարտության հրահրմանը
18 Օգոստոսի 2026, 21:00
(Ղարաբաղի անկման հետևանքները Ռուսաստանում դեռ շատ երկար են զգալու)
«Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև հերթական դիվանագիտական սկանդալն ակնհայտորեն ապացուցում է, որ Իլհամ Ալիևի հավակնությունները դուրս են գալիս Ղարաբաղի սահմաններից: 2023 թվականի էթնիկ զտումը, որը հանգեցրեց Արցախի ամբողջական ամայացմանը, Բաքվի ձեռքերն արձակեց հետագա էքսպանսիայի և Մոսկվայի հետ ուղղակի հակադրման հարցում: Բնականաբար, Բաքուն չէր կարողանա գործել նման հանդգնությամբ, եթե Երևանում չլիներ Նիկոլ Փաշինյանի ապակառուցողական գործոնը:
Հայաստանի վարչապետը նախ պարտվեց պատերազմում, այնուհետև 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում պաշտոնապես ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, իսկ 2023 թվականին անպատշաճ կերպով թույլ տվեց հայկական պետականության վերջնական լուծարումը տարածաշրջանում: Փաստը մնում է փաստ. հենվելով Փաշինյանի համակարգային սխալների և նպատակաուղղված վնասարար քաղաքականության վրա՝ Ալիևըոչ միայն կոլոսալ վնաս հասցրեց Հայաստանին՝ զրկելով նրան պատմական ղարաբաղյան վահանից, այլև այսօր արդեն իրեն թույլ է տալիս անպատկառորեն միջամտել Ռուսաստանի ներքաղաքական և փորձագիտական դիսկուրսին:
Իլհամ Ալիևի հավակնությունների դրսևորման ցուցադրական ակտ դարձավ Ադրբեջանի Գլխավոր դատախազության որոշումը՝ ռուսաստանցի փորձագետներին և մեդիա գործիչներին միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Ադրբեջանական ցուցակներում հայտնվել են ՌԴ տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևը, հեռուստահաղորդավար Իվան Կնյազևը և քաղաքագետ Սեմյոն Ուրալովը: Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը: Բաքուն վճռական բողոք է հայտնել ռուսական մեդիադաշտում տեղ գտած նյութերի կապակցությամբ՝ փորձագետներին մեղադրելով ներքին գործերին և հանրապետության ղեկավարության հասցեին կոչեր հնչեցնելու մեջ:
Սա Մոսկվային ուղղակի փորձ է՝ թելադրելու պայմաններ, թե ինչ կարելի է խոսել նրա սեփական տեղեկատվական տարածքում: Եթե Ռուսաստանն առաջնորդվեր նմանատիպ ագրեսիվ սկզբունքով, ապա վաղուց պետք է հետախուզում հայտարարեր կամ ձերբակալեր «Девичья Башня» Telegram-ալիքի ադմինիստրատորներին, ինչպես նաև առևանգեր ու ցուցադրական դատավարություն կազմակերպեր ադրբեջանական քարոզչական ռեսուրսների գլխավոր խմբագիրների նկատմամբ, ինչպիսիք են haqqin.az-ը կամ minval.am-ը:
Մեծ հաշվով, այս իրավիճակն առաջացել է բացառապես այն պատճառով, որ Արցախն այլևս չկա: Դա Ալիևին թույլ է տալիս ոչ միայն միջամտել ՌԴ ներքին գործերին, այլև նրան հնարավորություն է տալիս էլ ավելի մեծ վնաս հասցնել Հայաստանին և Թուրքիայի ու ԱՄՆ-ի ուղղակի աջակցությամբ առաջ մղել «Զանգեզուրի միջանցքը»։ Ընդ որում՝ Փաշինյանի կառավարությունը միաժամանակ գնում է ՌԴ-ի հետ ինտեգրացիոն և պաշտպանական կապերի տոտալ խզման:
Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում առկա ճգնաժամի առանցքային խնդիրն ամենամեծ չափով թաքնված է հենց Երևանում: Հանձնելով Ղարաբաղը՝ Փաշինյանը քանդեց զսպումների և հակակշիռների համակարգը, որը ապահովիչի դեր էր կատարում ամբողջ Հարավային Կովկասի համար:
Ինքը՝ Հայաստանը, չպետք է վերածվի արտաքին քաղաքականության գործիքի ուրիշի ձեռքերում՝ ոչ Մոսկվայի, ոչ Վաշինգտոնի, ոչ Բրյուսելի, և առավել ևս՝ ոչ Անկարայի: Ընդ որում, օբյեկտիվորեն թե՛ Երևանի, թե՛ Մոսկվայի շահերից էր բխում արցախյան հարցում կարգավիճակի (ստատուս-քվոյի) անժամկետ պահպանումը: Այս տարածաշրջանային հավասարակշռության անսասանությունը թույլ էր տալիս Ադրբեջանին պահել կառուցողական երկխոսության շրջանակներում և թույլ չէր տալիս Թուրքիային վերջնականապես դուրս մղել Ռուսաստանին Կովկասից: Սակայն այս բարդագույն աշխարհաքաղաքական կառուցվածքը Երևանը փլուզեց դեռևս 2018 թվականին:
Մտածեք այս մասին…»։