Լավ է՝ չհարցրեցիք, թե ինչու բենզալցակայանում չէիք, որը պայթեց. Աննա Գրիգորյան
19 Օգոստոսի 2026, 13:10
Եվրոպական միությանն անդամակցելուն և աշխարհաքաղաքականությանը վերաբերող հարցադրումները լիովին բնական էին, սակայն որոշ հարցերի մոտիվներն անհասկանալի էին և դուրս էին քաղաքական էթիկայի սահմաններից։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն՝ անդրադառնալով Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանին ուղղված հարցադրումներին։
«Արցախցի կնոջը նայելով՝ ասում են․ «Դուք ճանաչո՞ւմ եք Արցախը Ադրբեջանի կազմում»։ Մարդիկ, որոնք Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, հանձնել են, պատճառ են դարձել էթնիկ զտման, ուղիղ արցախցի կնոջն են նայում ու ասում՝ ճանաչեք Արցախը Ադրբեջանի կազմում։ Սա հակամարդկային է, անմարդկային է, սա քաղաքական հարթության մեջ չէ, որ մենք քաղաքական պատասխաններ հնչեցնենք։
Հարցադրում են անում՝ իսկ ինչո՞ւ էթնիկ զտման ենթարկվելու ժամանակահատվածում, տիկին Հովսեփյան, դուք հենց Ստեփանակերտում չէիք։ Լավ է՝ չասեցին, թե ինչո՞ւ այն բենզալցակայանում չէիք, որը պայթեց։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն այդ օրերին ուղիղ եթեր էր մտնում ու ասում, թե քաղաքացիներին վտանգ չի սպառնում, էթնիկ զտման մասին խոսք չկա»,- հայտարարել է Աննա Գրիգորյանը։