ԱԺ նախագահությունը խախտում է «ԱԺ կանոնակարգ» օրենքը»․ Դավիթ Ղազինյան
19 Օգոստոսի 2026, 16:35
Արդեն երկու շաբաթ է, ինչ ԱԺ նախագահությունը խախտում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը՝ ընդդիմադիր պատգամավորների ելույթներից հետո արտահերթ ու անսահմանափակ ժամանակով մեկնաբանություններ անելով։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
«Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան․ Աննա Գրիգորյանի ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահն ընդհատեց պատգամավորին ու սկսեց խոսել։ Ես տեղից ընդամենը հարցրեցի՝ արդյոք սա օրենքով է, ինչին ի պատասխան ինձ ասացին՝ «լռե՛ք»։ Երբ պահանջեցի պատասխանել հարցիս, ինձ հաջորդաբար նկատողություններ տվեցին։ Հատուկ տեղից արձագանքեցի, որպեսզի հաջորդ օպերացիան չանեն ու ինձ ուժով դուրս չհանեն», — նշել է Դավիթ Ղազինյանը։
Պատգամավորի խոսքով՝ խմբակցությունը որոշել է լքել նիստերի դահլիճը՝ ի բողոք նախագահության կողմից լիազորությունների չարաշահման։