Զանգեզուրի միջանցքի աշխատանքների հիմնական մասը կավարտվի հաջորդ տարի. Ալիև

23 Օգոստոսի 2026, 22:48

Քաղաքականություն

Ադրբեջանի և Ուզբեկստանի Բարձրագույն միջպետական խորհրդի երրորդ նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրի տարածքում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի աշխատանքների հիմնական մասը կավարտվի հաջորդ տարի: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Խոսելով տրանսպորտային նախագծերի իրականացման մասին՝ Ալիևը հավելել է, որ աշխատանքներն ակտիվորեն ընթանում են: Նրա խոսքով՝ նախագծի ադրբեջանական հատվածը նախատեսվում է ավարտին հասցնել 2027 թվականին: Նա նշել է նաև, որ Նախիջևանի երկաթուղին «հայեցակարգային առումով դիտարկվում է որպես Ադրբեջանի երկաթուղու մաս»:

Այս համատեքստում Բաքուն մտադիր է ստեղծել միջազգային կոնսորցիում՝ այն ընկերությունների ու պետությունների մասնակցությամբ, որոնք հետաքրքրված են նախագծում ներդրումներ անելով, շահույթ ստանալով և այդ երթուղով փոխադրումների երաշխավորված ծավալներ ապահովելով:

«Ի գիտություն ցանկանում եմ նշել, որ Հայաստանի տարածքում նույնպես աշխատանքներ են ընթանում. մեր ամերիկացի գործընկերները մեզ կանոնավոր կերպով տեղեկացնում են այդ մասին: Եվ որքանով մեզ հայտնել են, կամ այս տարվա վերջին, կամ հաջորդ տարվա սկզբին Հայաստանի տարածքում կսկսվի շինարարությունը: Սակայն այնտեղ երկարությունն ընդամենը 42 կմ է, իսկ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ 194…»,- հայտարարել է Ալիևը: