Գորան Բրեգովիչը սիրահարված է Հայաստանին. նա համերգ կունենա Երևանում

24 Օգոստոսի 2023, 09:20

Մշակույթ

Բոսնիացի հայտնի երգահան, երաժիշտ Գորան Բրեգովիչը Wedding and Funeral Orchestra-ի հետ օգոստոսի 28-ին Երեւանում հանդես կգա բացօթյա համերգով։ Երաժիշտի այցը կազմակերպում են Mezzo Production-ը եւ Hin Areni Vineyards-ը։ Բրեգովիչն արդեն երրորդ անգամ է հյուրընկալվում Հայաստանում Mezzo-ի հրավերով։ 

News.am Style-ի հետ զրույցում Mezzo Production-ի պրոդյուսեր եւ Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը նշել է, որ Բրեգովիչը սիրահարված է Հայաստանին, հայկական հյուրընկալությանը, խոհանոցին, ավանդույթներին, մշակույթին:

Համերգը կլինի բացօթյա՝ Անգլիական այգում։ Այդ օրը կլինի նաեւ գինու վաճառք։ Հանդես կգա նաեւ դուդուկահար Կամո Սեյրանյանը, կհնչեն հայկական դուդուկն ու Բրեգովիչի երաժշտությունը։

«Բրեգովիչը տարբեր հարթակներում շատ դրական է արտահայտվել Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին, եւ մեր նպատակը նաեւ այն է, որ այսպիսի արտիստների միջոցով էլ ներկայացնենք Հայաստանը, մեր մշակույթը, երաժշտությունը, մեր գաղափարները։ Մեկը՝ մի քիչ ավել, մյուսը՝ մի քիչ պակաս, անում է այս աշխատանքը», — ասել է Կամո Մովսիսյանը: