Բաքվի սպառնալիքը՝ Փարիզին․ քաղաքապետը չի մասնակցել հայ գերիների դիմանկարների ցուցահանդեսին
09 Սեպտեմբերի 2026, 20:45
Փարիզում Բաքվում պահվող հայ քաղաքական բանտարկյալների լուսանկարների ցուցադրությանը Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչների բացակայությունը պայմանավորված է եղել Ադրբեջանի կողմից գործադրված ճնշմամբ։ AlphaNews-ի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ անդամ Նժդեհ Գարագավորյանը։
«Ադրբեջանի դեսպանատունը և ԱԳՆ-ն ֆրանսիացիներին ասել են, որ եթե դուք մասնակցեք այդ միջոցառմանը, կամ ընդհանրապես միջոցառումը տեղի ունենա, մենք Բաքվում ֆրանսիացիների կյանքին վնաս կհասցնենք»,- ասել է նա։
Նժդեհ Գարագավորյանը նշել է, որ Բաքվում արդեն ամիսներ շարունակ պահվում են մի քանի Ֆրանսիայի քաղաքացիներ, և, ըստ նրա, ադրբեջանական կողմի սպառնալիքները հիմնականում վերաբերել են նրանց անվտանգությանը։
«Միջոցառումն, այնուամենայնիվ, տեղի ունեցավ, բայց քաղաքապետարանի ներկայացուցիչների բացակայությամբ։ Մեզ համար սա շատ մեծ ամոթ է և միաժամանակ փաստ է, որ երբ ՀՀ դեսպանատունը չի գործում, իսկ համայնքը փորձում է շատ արդար և այնպիսի հարցի շուրջ աշխատել, որտեղ երկրորդ կարծիք չկա, դժբախտաբար, երբեմն հասնում ենք դժվարությունների»,- նշել է ՀՅԴ անդամը։
Ըստ Նժդեհ Գարագավորյանի՝ հայ համայնքը նման իրավիճակներում ստիպված է միայնակ դիմակայել Ադրբեջանի և Թուրքիայի պետական կառույցների հնարավոր ճնշումներին։