Պուտինն ու Թրամփը պայմանավորվում են, իսկ Ուկրաինան ու Եվրոպան մնում են լուսանցքում․ Դմիտրի Սոլոննիկով

09 Սեպտեմբերի 2026, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ և քաղաքական տեխնոլոգ Դմիտրի Սոլոննիկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև վերջերս կայացած հեռախոսազրույցը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցով ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցային գործընթացն անցնում է առանց Եվրոպայի մասնակցության, ինչը չի կարող չանհանգստացնել Հին աշխարհին։

«Կրկին հաստատվել է Ռուսաստանի դիրքորոշումը․ հակամարտության բոլոր սկզբնապատճառների վերացումը, Ուկրաինայի «ապանացիստականացումը» և «ապառազմականացումը», պատժամիջոցների վերացումը, ինչպես նաև ՌԴ Սահմանադրությամբ Ռուսաստանի կազմի մեջ ներառված բոլոր տարածքների՝ որպես ռուսական տարածքներ ճանաչումն այն պայմաններն են, որոնց դեպքում միայն կարող են դադարեցվել ռազմական գործողությունները։

Ընդ որում՝ նախ պետք է կատարվեն բոլոր այս պայմանները, և միայն դրանից հետո դադարեցվեն ռազմական գործողությունները։ Ո՛չ Ուկրաինան, ո՛չ Եվրոպան համաձայն չեն դրան, ուստի այս դիրքորոշումը ևս մեկ անգամ հնչեցվեց, և ամեն ինչ առկախված մնաց։

Պուտինն ու Թրամփը պայմանավորվում են, իսկ Ուկրաինան և Եվրոպան լուսանցքում մնում», — նշել է Սոլոննիկովը։