Ռուսական ռազմաբազան Հայաստանի վիճելի սահմանների միակ վահանն է․ Իգոր Սեմյոնովսկի
09 Սեպտեմբերի 2026, 23:55
ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագետ, դոցենտ Իգոր Սեմյոնովսկին «Alpha News»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակին, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության և Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հարցերին, ինչպես նաև ԵՄ-ի վերաբերմունքին Հայաստանի և Ուկրաինայի նկատմամբ։
«Հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում, որը պայմանավորված է Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Դա դրսևորվում է ինչպես անվտանգության, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում։
Մոսկվայում առաջիկայում կայանալիք հանդիպումների օրակարգը վճռորոշ նշանակություն կունենա․ Ռուսաստանը հստակություն կպահանջի այն հարցում, թե դեպի ուր է ձգտում Հայաստանը և ինչ երաշխիքներ է պատրաստ տրամադրել։
Եթե Փաշինյանը ցանկանում էր մնալ ԵԱՏՄ-ում, ապա կմասնակցեր գագաթնաժողովին և Մոսկվայում ներկա կլիներ Հաղթանակի շքերթին։ Հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքներ չկան, թեև նա ինքն է հայտարարել, որ ընտրությունն արդեն կատարված է։ Հարց է առաջանում՝ արդյոք պահպանվո՞ւմ են սահմանադրական ընթացակարգերը։
ՇՀԿ գագաթնաժողովում Փաշինյանի ներկայացրած բացատրությունները համոզիչ չէին․ նա ասում էր, որ ժամանակը դեռ չի եկել, մինչդեռ նախկինում հակառակն էր պնդում։ Փաստացի ասելիք չկա․ փորձում են վատ իրավիճակում լավ տպավորություն ստեղծել։ Մոսկվայում վերջնաժամկետներ կսահմանվեն, որոնցից խուսափել հնարավոր չի լինի», — ասել է քաղաքագետը։
Սեմյոնովսկու խոսքով՝ Հայաստանը անվտանգության այլ իրական երաշխիքներ չունի, իսկ Փաշինյանի՝ դեպի ԵՄ ուղղված քաղաքականությունը նշանակում է պատժամիջոցներ և թանկ գազ։
«Ռուսական ռազմաբազան երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչն է և անվտանգության երաշխիք Հայաստանի համար, որի սահմանները ոչ բոլոր ուղղություններով են ճանաչված։ Այն կարևոր է նաև Ռուսաստանի համար՝ որպես Հարավային Կովկասում նրա ներկայության գործոն։
Հայաստանը անվտանգության այլ իրական երաշխիքներ չունի, իսկ ԵՄ առաքելությունը չի կարող փոխարինել դրանց, ուստի ռազմաբազայից հրաժարվելն անհնար է։ Բազան գոյություն ունի Հայաստանի սահմանները պաշտպանելու համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ սահմանները ոչ բոլոր ուղղություններով են միջազգային մակարդակով ճանաչված», — ընդգծել է Սեմյոնովսկին։