Ադրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ Հաջիև
02 Հոկտեմբերի 2026, 10:00
Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026 տարածաշրջանային ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում հաստատվել են խաղաղություն և անվտանգություն, սակայն կարևոր է ապահովել դրանց կայունությունը։
«Երկար տարիներ շարունակված հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորվել է, և Ադրբեջանը ցուցաբերել է ռազմավարական համբերություն և առաջնորդություն։ Մենք միշտ ասել ենք, որ հաղթել ենք պատերազմում, բայց կարևոր էր անել ևս մեկ բան՝ հաղթել խաղաղությունը։ Սա իսկապես չափազանց բարդ խնդիր էր, որը պահանջում էր ռազմավարական մտածողություն, համբերություն և նախագահի առաջնորդություն»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Հաջիևի խոսքով՝ «այժմ տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված»։
«Մեր անկախության առաջին իսկ օրերից մենք չունեինք բավարար խաղաղություն մեր հողում։ Սակայն այժմ մենք քրտնաջան աշխատում ենք, և այսօր տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է։ Սակայն խաղաղությունը չպետք է մնա միայն թղթի վրա»,- նշել է նա։
Հաջիևը հավելել է, որ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման համար ակնկալվում է համապատասխան փոփոխությունների կատարում Հայաստանի Սահմանադրությունում։
«Մենք սպասում ենք միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը։ Դրանից հետո, կարծում եմ, վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա»,- ասել է նա։
Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը կոչ է անում Հայաստանի կառավարությանը ակտիվորեն աշխատել՝ իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։
Նրա խոսքով՝ «պաշտոնական Բաքվին անհանգստացնում են Հայաստանի հասարակության շրջանում առկա որոշակի միտումները, մասնավորապես՝ զգալի ազդեցություն ունեցող ուժերի առկայությունը»։
«Մեկ այլ մտահոգիչ գործոն է այն, որ հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները։ Սա կարևոր հանգամանք է։ Այդ պատճառով մենք նաև կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ակտիվորեն աշխատել՝ իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ»,- ասել է նա։
Հաջիևը ընդգծել է, որ «Ադրբեջանի կողմից կա խաղաղության օրակարգը շարունակելու, այն գործնականում ամրապնդելու և խաղաղության այնպիսի ճարտարապետություն կառուցելու ռազմավարական վճռականություն, որը կկարողանա երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովել հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար»։
«Այդ պատճառով մենք միշտ ասում ենք, որ ցանկանում ենք այս խաղաղությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև ցանկանում ենք այս խաղաղությունը կնքել հայ ժողովրդի հետ։ Եվ այդ պատճառով մենք շարունակում ենք ակնկալել Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Անշուշտ, սա ներքին հարց է, և մենք լիովին զերծ ենք մնում այս գործընթացին միջամտելուց»,- հավելել է նա։