Թեհրանի մետրոյի «Մարիամ-է Մողադդաս» կայարանում բացվել է իրանահայ զոհված զինծառայողներին նվիրված ցուցահանդես
03 Հոկտեմբերի 2026, 20:20
Թեհրանի մետրոյի «Մարիամ-է Մողադդաս» («Սուրբ Կույս Մարիամ») կայարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված 1980–1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում զոհված իրանահայ զինծառայողների հիշատակին։
Ցուցահանդեսում ներկայացված են Իրանի զինված ուժերում ծառայած և ութամյա պատերազմի ընթացքում զոհված իրանահայերի դիմանկարները։ Իրանահայերը պատերազմին մասնակցել են որպես Իրանի քաղաքացիներ։ 1980 թվականի սեպտեմբերին Իրաքի ներխուժումից հետո հայ տղամարդիկ ևս զորակոչվել են զինվորական ծառայության։ Տարբեր գնահատականներով՝ պատերազմին մասնակցել է շուրջ 17 հազար իրանահայ, իսկ զոհված զինծառայողների թիվը, ըստ իրանահայ համայնքի աղբյուրների, կազմել է 89-ից 260 մարդ։
Պատերազմը ծանր հետևանքներ է ունեցել նաև Իրանի հայ համայնքի համար։ Նոր Ջուղայի պատմական հայկական համայնքից հարյուրավոր տղամարդիկ զորակոչվել են բանակ, իսկ իրանահայերը նաև նյութական աջակցություն են ցուցաբերել Իրանի զինված ուժերին։ Ռազմական գործողություններից առավել տուժած Խուզեստան նահանգում բնակվող հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տները և ապաստան գտնել Նոր Ջուղայում։
Իրանում մինչ օրս հարգում են իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում զոհված հայ և այլ քրիստոնյա զինծառայողների հիշատակը։ Սուրբ Ծննդյան օրերին իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները ավանդաբար այցելում են զոհված քրիստոնյա զինծառայողների ընտանիքներին։ «Մարիամ-է Մողադդաս» մետրոյի կայարանը ևս խորհրդանշում է Իրանում հայերի բազմադարյա ներկայությունը և Թեհրանի հանրային տարածքում այն նկատելի խորհրդանիշներից է, որոնք հիշեցնում են երկրի պատմական հայկական քրիստոնեական համայնքի մասին։