Տիգրան Ավինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե․ ակցիայի մասնակից
13 Հոկտեմբերի 2026, 12:07
Աջափնյակում տաղավարների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները պատրաստվում են քանդել սեփականության վկայական ունեցող անձանց գույքը՝ չնայած առկա դատական որոշմանը։
Նրա խոսքով՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերգեյ Սարգսյանը ծանոթ է դատարանի որոշմանը, առնվազն այն հատվածին, որը վերաբերում է իրենց ներկայացրած հարցին։
«Սա աննախադեպ երևույթ է իմ պրակտիկայում և, կարծում եմ, նաև իրավական դաշտում, երբ սեփականության վկայական ունեցող անձանց գույքը քաղաքային իշխանությունների որոշմամբ պարզապես որոշում են քանդել։ Սա շատ վտանգավոր նախադեպ է, որովհետև նման պրակտիկայի ձևավորման դեպքում ցանկացած պահի կարող են գալ յուրաքանչյուրիս տուն և ինչ-որ հասցեի կամ նշագրման հիմքով որոշել քանդել այն»,- ասել է նա։
Ակցիայի մասնակցի խոսքով՝ ինքը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Նա նշել է, որ իրավապահները տեղեկացված են ստեղծված իրավիճակի և սպասվող գործողությունների մասին։