Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ԱԹՍ-ների հարձակումների պատճառով հարյուրավոր ավիաչվերթներ են հետաձգվել և չեղարկվել
17 Հոկտեմբերի 2026, 17:00
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով հոկտեմբերի 17-ի գիշերը խաթարվել է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի խոշորագույն օդանավակայանների աշխատանքը։
«Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 53 չվերթ, 143-ը՝ չեղարկվել։ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 113, չեղարկվել՝ 55 չվերթ։ «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 59 չվերթ։
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում չեղարկվել է 32 չվերթ, ևս 140-ը՝ հետաձգվել։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ վերջին ժամերի ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է ավելի քան 140 անօդաչու թռչող սարք։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ շաբաթ գիշերը ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը Ռուսաստանի տարբեր շրջանների և Սև ծովի օդային տարածքում ոչնչացրել են ուկրաինական 610 անօդաչու թռչող սարք։