Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը

19 Հոկտեմբերի 2026, 10:00

Հասարակություն

Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը հայտարարել է, որ Եվրամիությունում արգելված թունաքիմիկատ է հայտնաբերել Հայաստանից ներկրված 57,6 կգ քաշով կանաչ թեյի խմբաքանակում։ Լաբորատոր հետազոտությունները նաև ցույց են տվել ևս երկու թունաքիմիկատի թույլատրելի պարունակության գերազանցում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով գերատեսչությանը։  Ղազախստանից ներկրված մանանեխի սերմերում ևս էռուկաթթվի պարունակությունը գերազանցել է թույլատրելի մակարդակը։ Երկու խմբաքանակների վաճառքն արգելվել է։

Հաղորդումների համաձայն՝ խախտումները հայտնաբերվել են սահմանային հսկողության ընթացքում և հաստատվել լաբորատոր հետազոտություններով։

Հայկական ծագման կանաչ թեյի՝ 57,6 կիլոգրամ քաշով և 8810 համարով խմբաքանակում մասնագետները հայտնաբերել են տոլֆենպիրադ թունաքիմիկատի մնացորդներ։ Դրա օգտագործումն արգելված է Եվրամիությունում։ Բացի այդ, լաբորատոր անալիզները ցույց են տվել, որ գերազանցվել են ևս երկու թունաքիմիկատների՝ լամբդա-ցիհալոտրինի և թիամեթոքսամի առավելագույն թույլատրելի մակարդակները։

Խախտումներ են հայտնաբերվել նաև Ղազախստանից ներկրված մանանեխի սերմերի խոշոր խմբաքանակում։ 22 տոննա քաշով և 248K-2013 համարով բեռում էռուկաթթվի պարունակությունը գերազանցել է սահմանված նորմերը։

Էռուկաթթուն դասվում է միաչհագեցած օմեգա-9 ճարպաթթուների շարքին։ Այն բնականորեն առկա է յուղատու մշակաբույսերում, այդ թվում՝ ռապսի և մանանեխի սերմերում, ինչպես նաև դրանցից ստացված յուղերում։ Սակայն սննդամթերքում դրա չափազանց բարձր պարունակությունը կարող է առողջության համար վտանգներ առաջացնել։

ՊՎԴ-ն ընդգծել է, որ երկու խմբաքանակների իրացումն արգելված է։ Նախատեսվում է ոչնչացնել արտադրանքը կամ այն Եվրամիության տարածքից դուրս ուղարկել երրորդ երկիր։

Հայտնաբերված խախտումների մասին տեղեկությունն արդեն փոխանցվել է սննդամթերքի և կերերի անվտանգության վերաբերյալ Եվրամիության արագ ահազանգման համակարգին։