Կառավարությունը պետք է պարզի տեղի ունեցածի բոլոր հանգամանքները․ Մակրոնը դիմել է ժողովրդին
19 Հոկտեմբերի 2026, 10:45
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 18-ին ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է, որ իշխանությունները կոշտ դիրքորոշում կորդեգրեն անկարգություններ իրականացնողների և բռնության դիմողների նկատմամբ։ Այս մասին հաղորդում է France 24-ը։
«Հոկտեմբերի 17-ին ծայրահեղ ձախ ռադիկալների խմբերը, որոնց միացան բազմաթիվ իրավախախտներ, աննախադեպ բռնություններ իրականացրին մեր քաղաքների փողոցներում։ Խանութները թալանվեցին, հասարակական շենքերն ու քաղաքապետարանները ենթարկվեցին հարձակումների, իսկ որոշները՝ ավերվեցին։
Ազգի անունից աջակցություն եմ հայտնում մեր ոստիկաններին, ժանդարմներին և անվտանգության ուժերի բոլոր աշխատակիցներին, ովքեր իրենց պարտքն են կատարել բացառիկ բարդ պայմաններում։
Մենք երբեք չպետք է շփոթենք օրինական սոցիալական պահանջներ ներկայացնող քաղաքացիներին նրանց հետ, ովքեր ավերում են, ջարդում և թալանում։ Ես հասկանում եմ ֆրանսիացիների մտահոգությունները կյանքի թանկացման և երիտասարդության առջև ծառացած դժվարությունների վերաբերյալ։ Այդ պահանջները պետք է լսելի լինեն։ Այնուամենայնիվ, ոչինչ չի արդարացնում բռնությունը։
Անկարգություններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնության, մենք կլինենք անկոտրում։ Լսելու և երկխոսություն վարելու պատրաստակամությունը չի նշանակում ո՛չ թուլություն, ո՛չ էլ անպատժելիություն»,- հայտարարել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է պարզի տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, իսկ պրեֆեկտները՝ քաղաքապետերի հետ համատեղ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն քաղաքների, հասարակական շենքերի և ձեռնարկությունների պաշտպանության համար։ Անհրաժեշտության դեպքում կարող են նաև արգելվել առանձին հավաքներ։
Մակրոնը հանձնարարել է վարչապետին խորհրդակցություններ կազմակերպել քաղաքական ուժերի, արհմիությունների, երիտասարդության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ կոնկրետ առաջարկություններ մշակելու նպատակով։
«Ֆրանսիային անհրաժեշտ են կարգուկանոն, հանգստություն և միասնություն։ Մենք պետք է պաշտպանենք Հանրապետությունը, ապահովենք քաղաքացիների անվտանգությունը և պահպանենք ժողովրդավարական երկխոսության հնարավորությունը։ Բռնությունը չի կարող որոշել մեր երկրի ապագան»,- եզրափակել է Ֆրանսիայի նախագահը։