Ուկրաինան թանկ է նստում ԱՄՆ-ի վրա․ Կոնստանտին Բլոխին
19 Հոկտեմբերի 2026, 21:45
Քաղաքագետ և միջազգային մեկնաբան Կոնստանտին Բլոխինը Alpha News-ին մեկնաբանել է ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումները և այդ հակամարտության մասնակից երկրների փոխհարաբերությունները։
«Վաշինգտոնի և Կիևի միջև ճգնաժամը Թրամփի օրոք ավելի է խորանում, քանի որ Թրամփի և Զելենսկու հարաբերություններն ի սկզբանե չեն դասավորվել։ Թրամփի համար Ուկրաինան ընդամենը մանրադրամ է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ծավալվող մեծ աշխարհաքաղաքական խաղում։
Ավելին՝ Ուկրաինան չափազանց թանկ է նստում ԱՄՆ-ի վրա։ Ըստ Թրամփի հայտարարության՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրել է 360 միլիարդ դոլարի ֆինանսական միջոցներ։ Սա աստղաբաշխական գումար է, սակայն այդ գումարով նրանք այդպես էլ չկարողացան կատարել իրենց առջև դրված նպատակներն ու խնդիրները։
Ուստի ակնհայտ է, որ Թրամփի համար նախընտրելի կլիներ ընդհանրապես կարգավորել ուկրաինական հակամարտությունը և համաձայնության գալ, մանավանդ որ Ուկրաինայից որևէ օգուտ ստանալ նրան չի հաջողվում։ Պատերազմի պայմաններում անհնար է արդյունահանել հազվագյուտ հողային մետաղներ, իսկ այդ գումարները հետ վերադարձնելը դժվար է։ Հետևաբար, միակ բանը, որ նա կարող է ստանալ, որոշակի քաղաքական հեղինակությունն է։
Եթե նրան հաջողվի կարգավորել ուկրաինական հակամարտությունը, ապա նա, անկասկած, կդառնա Եվրոպայի գլխավոր խաղաղարարը, ինչպես որ ինքն է ցանկանում»,- նշել է Բլոխինը։