Մենք TRIPP-ի մասին գիտենք այն, որ Ալիևը պահանջել է անխոչընդոտ կապ. Քրիստինե Վարդանյան
27 Հոկտեմբերի 2026, 19:35
Մենք TRIPP ծրագրի մասին գիտենք այն, որ Իլհամ Ալիևը պահանջել է Հայաստանից անխոչընդոտ կապ։ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին։
Վարդանյանը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մարտի 4-ին «Արմենպրես»-ում հրապարակված հոդվածում նշել էր, թե Հայաստանը Իրանի տարածքով անցնող ճանապարհի համար առաջարկել է նույնական ռեժիմ, սակայն Ադրբեջանը պահանջել է անխոչընդոտ ճանապարհ։ Արդյունքում, ըստ պատգամավորի, Իրանի տարածքով անցնող ճանապարհի համար նույնական ռեժիմ չի սահմանվել, մինչդեռ փաստաթղթում ամրագրված է Հայաստանի պարտավորությունը՝ ապահովելու անխոչընդոտ ռեժիմ։
Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ եթե անգամ սա համարվի զիջում, ապա այն առնվազն չպետք է լինի միակողմանի։ Սակայն, ըստ նրա, չկա որևէ փաստաթուղթ, որը կերաշխավորի Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ նույնատիպ ռեժիմի կիրառումը։
«Մեզ ասում են՝ «ոչ, փաստաթուղթ չկա, ու դրա կարիքն էլ չկա»։ Ասում են, թե օգոստոսի 8-ի փաստաթղթով Ադրբեջանը ստանձնել է պարտավորություն՝ Հայաստանին տալով փոխադարձ առավելություններ։ Բայց եթե Ադրբեջանի համար օգոստոսի 8-ի փաստաթուղթը բավարար է, ինչո՞ւ է մեզ համար պարտադիր, որ մենք դետալային ստորագրենք մեր պարտավորությունների տակ, իսկ Ադրբեջանի համար մնա անորոշ արտահայտություն, որի նկարագրությունը որևէ տեղ չկա»,-ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։