Ընդդիմադիր առաջնորդները կալանավորված են, իսկ ՔՊ-ամերձ գործիչներն՝ ազատության մեջ. Վարդևանյան

27 Հոկտեմբերի 2026, 20:21

Քաղաքականություն

«2018 թվականին ժողովրդին տրվեց փոփոխության խոստում, և թիրախներից մեկն էլ տեղական ինքնակառավարման մարմիններում հանրապետականների փոփոխությունն էր։ Սիրելի՛ հայրենակիցներ, վստահ եմ՝ բոլորդ էլ նկատել եք, որ 2026 թվականին «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում դոմինանտ են Հանրապետականի արատավոր բարքերը ներկայացնողները»,- այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանի խոսքով՝ նախկինում քննադատության թիրախում հայտնված արատավոր երևույթներ մարմնավորողներն այժմ ՔՊ-ն են ներկայացնում։

Անդրադառնալով իրավապահ համակարգի գործելաոճին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ընտրակաշառքի մեղադրանքով բազմաթիվ անձինք ձերբակալվել և կալանավորվել են՝ անտեսելով անմեղության կանխավարկածը։

«Օրինակ՝ այսօր Նարեկ Նալբանդյանին տնտեսական բնույթի բարդ մեղադրանք է առաջադրվել, և որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Չեմ ասում՝ պետք է կալանավորեիք, բայց սա է ձեր արդարադատության մոդելը․ քննադատում եք, խրոխտ ելույթներ եք ունենում, դատապարտում, բայց խափանման միջոցը բացակայելու արգելքն է։

Մինչդեռ հենց հիմա ընդդիմադիր երեք ուժերի առաջնորդներ զրկված են ազատությունից՝ անհասկանալի մեղադրանքներով։ Դուք չեք կարող հարգել որևէ այլախոհի անմեղության կանխավարկածը, ձեզ մոտ դա չի ստացվում, որովհետև դուք իշխանության բոլոր բացասական երևույթները խժռում եք»,- նշել է Վարդևանյանը։