Հայաստանը չպետք է զոհաբերվի ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն Սիմոնյան
07 Նոյեմբերի 2026, 13:46
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի շահերը չպետք է զոհաբերվեն ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում։ Նա նաև կտրականապես դեմ է արտահայտվել Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության կազմում Հայաստանի ընդգրկվելու գաղափարին։
«Ինչո՞ւ պետք է Հայաստանի Հանրապետությունը տանեմ և, կներեք, դնեմ ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին։ Հանուն ինչի՞։ Ես դրա հետ համաձայն չեմ և կարծում եմ՝ այստեղ չկա որևէ մեկը, որը կհամաձայնի, որ մենք պետք է գնանք ու ինքնահրկիզվենք, որովհետև Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմում են»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը փոքր երկիր է և ստիպված է հաշվի առնել աշխարհաքաղաքական իրողությունները, սակայն դա չի նշանակում, որ պետք է հրաժարվի սեփական գոյության ու անվտանգության իրավունքից։
ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ մի շարք հարցեր ունի ռուս գործընկերներին՝ կապված 2020 թվականի պատերազմի, դրա 44 օր տևելու, Լաչինի միջանցքի փակման և արցախահայության բռնի տեղահանման հետ։
«Ես մինչև հիմա հարցեր ունեմ ռուս գործընկերներին. ինչպե՞ս ստացվեց, որ 2020 թվականին պատերազմ սկսվեց, ինչո՞ւ այն տևեց 44 օր, ինչպե՞ս ստացվեց, որ փակեցին Լաչինի միջանցքը և Ղարաբաղից մեր հայրենակիցներին դուրս մղեցին Հայաստան»,- հայտարարել է նա։
Ալեն Սիմոնյանը խիստ քննադատության է ենթարկել նաև այն տեսակետը, որ Հայաստանը պետք է անդամակցի Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը՝ ընդգծելով, որ կտրականապես դեմ է նման հեռանկարին։
«Ես համարում եմ, որ այն մարդը, որը մտածում է, թե Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության կազմի մեջ, խայտառակություն է։ Ես այդ գաղափարի թշնամին եմ։ Նման բան չի կարող լինել»,- ասել է Սիմոնյանը։