Հայ ընտանիքը 9,6 մլն դոլար է նվիրաբերել Գլենդելում առաջին հայկական ավագ դպրոցի հիմնադրման համար
09 Նոյեմբերի 2026, 15:00
ԱՄՆ-ում բնակվող հայ ամուսիններ Ալեքս և Լինա Մեգերդեչյանները հայտարարել են 9,6 մլն դոլարի նվիրատվության մասին՝ Գլենդել քաղաքում առաջին հայկական ավագ դպրոցը հիմնելու նպատակով։
Նվիրաբերված գումարը կուղղվի ապագա դպրոցի համար անշարժ գույքի ձեռքբերմանը։ Ուսումնական հաստատությունը կկրի «Alex and Lina Megerdechian High School» անվանումը և կգործի Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի հովանու ներքո։
Նոր դպրոցը կդառնա «Chamlian Armenian School»-ի կրթական ծրագրի շարունակությունը՝ հնարավորություն ընձեռելով աշակերտներին շարունակելու միջնակարգ կրթությունը հայկական կրթական միջավայրում և պահպանելու կապը հայոց լեզվի, մշակույթի, հավատքի ու ազգային ինքնության հետ։
Այս նվիրատվությունը նշանակալի քայլ է Գլենդելի հայ համայնքի վաղեմի նպատակի իրականացման ճանապարհին՝ քաղաքում հայկական ավագ դպրոց ունենալու ուղղությամբ։