Աստղ՝ աստղերի մեջ․ ինչպես Ալենուշ Տերյանը փոխեց Իրանի գիտական աշխարհը
09 Նոյեմբերի 2026, 22:00
Ալենուշ Տերյանը, ով պատմության մեջ է մտել որպես «Իրանի ժամանակակից աստղագիտության մայր», ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 9-ին Թեհրանում՝ մտավորական հայ ընտանիքում։ Նրա հայրը ռեժիսոր և թարգմանիչ էր, ուսանել էր Մոսկվայում, իսկ մայրը կրթություն էր ստացել Շվեյցարիայում և դարձել Իրանի թատերական բեմի առաջին կին դերասանուհիներից մեկը։
Մեծանալով կրթության և գիտելիքի հանդեպ խոր հարգանքի մթնոլորտում՝ Ալենուշը դեռ պատանեկությունից ձգտում էր կոտրել այն կարծրատիպը, թե ճշգրիտ գիտությունները կանանց համար անհասանելի են։ Ընդունվելով Թեհրանի համալսարան՝ նա դարձել է ֆիզիկայի ֆակուլտետի միակ ուսանողուհին՝ քառասուն ուսանողների շրջանում։ 1947 թվականին ավարտելով համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան, Ալենուշը հրաժարվել է մասնավոր հատվածում իրեն առաջարկվող բարձր վարձատրվող աշխատանքից և իր կյանքը նվիրել համալսարանական գիտահետազոտական աշխատանքին։
Սեռի պատճառով արտերկրում ուսումը շարունակելու համար պետությունից ֆինանսական աջակցություն չստանալով՝ Տերյանը չհրաժարվեց իր նպատակից։ Ընտանիքի օգնությամբ նա մեկնել է Ֆրանսիա և 1956 թվականին Փարիզի հանրահայտ Սորբոնի համալսարանում պաշտպանել դոկտորական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկայի գիտությունների դոկտորի աստիճան՝ մթնոլորտային ֆիզիկայի մասնագիտացմամբ։
Չնայած Եվրոպայում աշխատելու բազմաթիվ հրավերներին՝ Ալենուշը նախընտրել է վերադառնալ հայրենիք՝ իր գիտելիքներն ու փորձը նոր սերունդներին փոխանցելու նպատակով։ 1964 թվականին նա դարձել է Իրանի պատմության մեջ աստղաֆիզիկայի առաջին կին պրոֆեսորը։ Տերյանը նշանակալի դեր է ունեցել Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտին կից Իրանի առաջին արեգակնային աստղադիտարանի հիմնադրման գործում և աշխատանքի անցնում այդ աստղադիտարանում։
Նա երբեք չի ամուսնացել և մինչև կյանքի վերջը կատակում էր, որ երկու զավակ ունի՝ «Արև անունով դուստր և Լուսին անունով որդի»։
Ավելի քան երեսուն տարի աշխատելով համալսարանում և կրթելով բազմաթիվ նշանավոր գիտնականների՝ 1979 թվականին Ալենուշ Տերյանն անցել է կենսաթոշակի։ Իր տունը նա կտակել է ուսանողներին, իսկ կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի ծերանոցում։
Ապրելով 90 տարի՝ Ալենուշ Տերյանը մահացել է 2011 թվականի մարտի 4-ին։ Նրա անունը մնաց ոչ միայն իրանական աստղաֆիզիկայի պատմության մեջ, այլև դարձավ գիտությանը անմնացորդ նվիրվածության, անկոտրում կամքի և հայրենիքին ծառայելու վառ օրինակ։