Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. բեռնատարը վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի

12 Նոյեմբերի 2026, 19:00

Հասարակություն

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 15։05-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել վրաերթ։ 49-ամյա Լենոր Վ.-ն իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Գ. Ս.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից չի հեռացել և ահազանգել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տուժածին նախ տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևանի «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին տեղեկությունը Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։ Դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։