Կրեմլում քննարկվել են ուկրաինական հակամարտության կարգավորումն ու մարդասիրական նախաձեռնությունները

12 Նոյեմբերի 2026, 17:46

Քաղաքականություն

Կրեմլում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են ուկրաինական հակամարտության կարգավորմանը, մարդասիրական նախաձեռնություններին և եվրոպական անվտանգության հարցերին։

Սթիվ Ուիթքոֆը նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև կայացած եռակողմ բանակցությունները բնութագրել է որպես արդյունավետ և դրական մթնոլորտում անցած հանդիպումներ։ Նրա խոսքով՝ առաջիկայում Մոսկվայի և Կիևի միջև սպասվող ռազմագերիների փոխանակումը իրական առաջընթացի վկայություն է։ Ուիթքոֆն ընդգծել է Դոնալդ Թրամփի հանձնառությունը՝ հնարավորինս արագ ավարտին հասցնելու հակամարտությունը, շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուն՝ կարգավորման գործընթացում հենց սկզբից ներգրավված լինելու համար, ինչպես նաև նշել, որ բանակցությունների ողջ տեղեկատվությունը կփոխանցվի Ուկրաինայի ղեկավարությանը, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկուն։

Իր հերթին Ջարեդ Քուշները հայտնել է, որ Վաշինգտոնը եվրոպացի գործընկերների հետ արդեն սկսել է քննարկել մայրցամաքային անվտանգության համակարգի ձևավորման հարցը՝ հավելելով, որ Եվրոպան շահագրգռված է հակամարտության ավարտով։

Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Ալյոշկիի շուրջ Ուկրաինայի հետ մարդասիրական համագործակցության փորձը՝ ընդգծելով, որ առանց Դոնալդ Թրամփի աջակցության այդ գործողության իրականացումն անհնար կլիներ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ այդ հարցերում ցուցաբերած մասնակցության համար։

Շարունակելով մարդասիրական թեման՝ Ռուսաստանի նախագահն առաջարկել է համանման առաքելություն կազմակերպել նաև Կոստանտինովկայում, որտեղ, ըստ նրա, դեռևս հարյուրավոր խաղաղ բնակիչներ կան, և Մոսկվան առաջարկում է տարհանել նրանց։ Պուտինի խոսքով՝ Կոստանտինովկայի շրջակայքն ականազերծելու համար ռուսական կողմին անհրաժեշտ կլինի մոտ հինգ օր, իսկ առաքելության անվտանգությունը պատրաստ է ապահովել Ռուսաստանը, քանի որ քաղաքը գտնվում է իր վերահսկողության ներքո։ Նա հավելել է, որ գործողության իրականացումն ակնհայտ ցույց կտա, թե ով է իրականում վերահսկում տվյալ բնակավայրը։ Առաքելությանը մասնակցելու հրավեր առաջարկվել է ուղարկել նաև օտարերկրյա, այդ թվում՝ ամերիկացի լրագրողներին, իսկ մանրամասների մշակումը հանձնարարել Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպաններին։

Աշխարհաքաղաքական հարցերի շրջանակում Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումները։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի համար Ուկրաինայի հետ սահմանազատման միակ ընդունելի տարբերակը պետական սահմանի գիծն է՝ միաժամանակ նշելով, որ տարածքային հարցում Մոսկվայի համար առաջնային են այդ տարածքներում բնակվող մարդիկ։

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ օտարերկրյա զորքերի ներկայությունն Ուկրաինայում կտրականապես անընդունելի է, սպառնալիք է Ռուսաստանի ազգային անվտանգությանը, օրինական թիրախ կդառնա ՌԴ զինված ուժերի համար և կնշանակի պատերազմի շարունակություն։

Անդրադառնալով Եվրոպայի հետ հարաբերություններին՝ Պուտինը նշել է, որ Մոսկվան երբեք դեմ չի եղել եվրոպական երկրների հետ երկխոսությանը, սակայն առայժմ Եվրոպան մերժում է անվտանգության համակարգի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու՝ Թրամփի առաջարկները։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ին կհաջողվի եվրոպական երկրներին դրդել հստակեցնելու իրենց դիրքորոշումը՝ արդյոք նրանք ձգտում են խաղաղության, թե պատերազմի։

Հիմա եթերում