Սա իրավական աբսուրդ է. Ռուբեն Հակոբյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի մասին

13 Նոյեմբերի 2026, 18:57

Քաղաքականություն

Ստացվում է, որ այս պահին Սամվել Կարապետյանի նկատմամբ միաժամանակ կիրառված է երկու խափանման միջոց՝ տնային կալանք և կալանք։ Սա իրավական առումով աբսուրդային իրավիճակ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանն՝ անդրադառնալով դատարանի որոշմանը։

Փաստաբանի խոսքով՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ հաստատված համարելով հիմնավոր կասկածի առկայությունը, ինչպես նաև ձերբակալման իրավաչափությունը, որը վիճարկում էր պաշտպանական կողմը։ Քննիչի ներկայացրած՝ խափանման միջոց կիրառելու երեք հիմքերից դատարանն առավել հիմնավոր է համարել քննությանը խոչընդոտելու ռիսկը՝ հաշվի առնելով վարույթի տվյալ փուլը։

Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում իրավական հակասություն կա, քանի որ տնային կալանքը և կալանքը չեն կարող միաժամանակ կիրառվել նույն անձի նկատմամբ՝ առանց նախկին խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու։

«Տնային կալանքը թե՛ մեր օրենսդրությամբ, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն նույնական է կալանքին։ Հետևաբար ստացվում է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ այս պահին կիրառված է և՛ տնային կալանք, և՛ կալանք։ Սա իրավական պրակտիկայում աննախադեպ իրավիճակ է։ Ես նման դեպքերի չեմ հանդիպել»,- նշել է փաստաբանը։

Նա որպես օրինակ ներկայացրել է նաև հնարավոր մեկ այլ զարգացում՝ նշելով, որ եթե դատարանը մասնակի բավարարեր միջնորդությունը և կրկին տնային կալանք կիրառեր, ապա Կարապետյանի նկատմամբ միաժամանակ երկու էլեկտրոնային հսկողության միջոց պետք է կիրառվեր։

Անդրադառնալով ձերբակալման իրավաչափությանը՝ Ռուբեն Հակոբյանը նշել է, որ պաշտպանական կողմն ի սկզբանե վիճարկել է այն՝ պնդելով, որ օրենքով նախատեսված հիմքերը տվյալ դեպքում բացակայել են։

Փաստաբանը ներկայացրել է ձերբակալման երեք իրավական հիմքերը։ Առաջինը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությունն է, երբ դեռևս քրեական վարույթ նախաձեռնված չէ։ Երկրորդը մեղադրյալի կողմից իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանների խախտումն է, իսկ երրորդը՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելը։

Հակոբյանի խոսքով՝ քննիչը Սամվել Կարապետյանին ձերբակալել է երրորդ հիմքով՝ որպես ազատության մեջ գտնվող մեղադրյալի, մինչդեռ նա այդ պահին գտնվել է տնային կալանքի տակ։

«Ստացվում է՝ Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ, բայց քննիչը գտել է, որ նա ազատության մեջ է, և հենց այդ հիմքով էլ ձերբակալել է նրան դատարան ներկայացնելու նպատակով։ Վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչները փորձում էին դա հիմնավորել՝ ասելով, թե այլ տարբերակ չկա, և պետք է իրավիճակին հարմարեցվել։ Սակայն օրենսդիրը ձերբակալման ընդամենը երեք հիմք է սահմանել։ Եթե անձն ազատության մեջ չէ, նրան այդ հիմքով ձերբակալել հնարավոր չէ։ Հետևաբար այդ ձերբակալումն ակնհայտ ոչ իրավաչափ է»,- ասել է փաստաբանը։

Հիմա եթերում