Ավելի քան 13 ժամ տևող խափանում Microsoft-ում․ տուժել են 74 երկրների օգտատերեր

13 Նոյեմբերի 2026, 19:16

Տնտեսություն և Բիզնես

«Microsoft»-ի ծառայությունների լայնածավալ խափանումը շարունակվում է արդեն ավելի քան 13 ժամ՝ ազդելով աշխարհի 74 երկրներում օգտատերերի վրա։ «Outlook»-ի, «Teams»-ի և «Microsoft 365» էկոհամակարգի աշխատանքում առաջացած խնդիրները խաթարել են ընկերությունների, ուսումնական հաստատությունների և պետական կառույցների բնականոն գործունեությունը։

«Downdetector» հարթակի տվյալներով՝ խափանումներ են արձանագրվել նաև «Microsoft Store»-ի և «Copilot»-ի աշխատանքում։ Միջադեպի գագաթնակետին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում, «Outlook» էլեկտրոնային փոստի աշխատանքի վերաբերյալ բողոքների թիվը գերազանցել է 131 հազարը։ Թեև հաղորդումների հիմնական ալիքն արդեն անցել է, միացման հետ կապված խնդիրների վերաբերյալ օգտատերերի ահազանգերը դեռ շարունակվում են։

Ընկերության պարզաբանմամբ՝ խափանման պատճառը որոշ սերվերների անհասանելիությունն է եղել, ինչի հետևանքով ենթակառուցվածքի մյուս հատվածների վրա բեռնվածությունը կտրուկ աճել է։

«Microsoft»-ի ինժեներները դադարեցրել են թարմացումների թողարկումը, վերագործարկել խնդրահարույց սերվերները և սկսել վերաուղղորդել ցանցային տրաֆիկը։ Սակայն բեռնվածության վերականգնման ընթացքում համակարգում կրկին խափանումներ են առաջացել։

Կորպորացիան ընդունել է, որ մինչ այժմ ձեռնարկված քայլերը չեն տվել ակնկալվող արդյունքը։ Այդ պատճառով մասնագետները շարունակում են փորձարկել ծառայությունների կայուն աշխատանքը վերականգնելու այլընտրանքային լուծումներ։

«Microsoft»-ում կիբերհարձակման կամ այլ չարամիտ գործողությունների հետքեր չեն հայտնաբերվել։

Հիմա եթերում