Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա Հայաստանում

16 Նոյեմբերի 2026, 10:50

Հասարակություն

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում տեղի կունենա մինչև ընթացիկ տարվա ավարտը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպումը կանցկացվի Հայաստանում։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում վերջին հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 10-ին՝ Ադրբեջանում։ Սեպտեմբերի 23-ին հայտնի էր դարձել, որ հերթական հանդիպումը չեղարկվել է Գանձասարում Հիքմեթ Հաջիևի հայտարարությունների վերաբերյալ սուր արձագանքի պատճառով։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սեպտեմբերի 11-12-ը օտարերկրյա դիվանագետների այց էր կազմակերպել օկուպացված Արցախ։ Հայկական պատմամշակութային հուշարձանները, մասնավորապես՝ Դադիվանքն ու Գանձասարը, ներկայացվել էին որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն։

Գանձասարի վանական համալիրում Հաջիևը դիվանագետներին ցուցադրել էր գրքի թանգարանային վերատպված օրինակը՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում․ խմբ.)։ Ալիևի օգնականը ծաղրել էր այն՝ ներկայացնելով որպես «ապացույց», թե իբր հայերը կեղծել են վանքի պատմությունը։