Հայաստանը «Միսս Տիեզերք–2026» մրցույթում ներկայացրել է նռան խորհրդանիշով ազգային զգեստը
25 Նոյեմբերի 2026, 15:45
Հայաստանը Պուերտո Ռիկոյում անցկացված «Միսս Տիեզերք-2026» գեղեցկության 75-րդ հոբելյանական մրցույթում ներկայացրել է «Նուռ» անվանումը կրող ազգային զգեստը։ Ազգային տարազների ավանդական ցուցադրությունը տեղի է ունեցել եզրափակիչ փուլից առաջ։ Եզրափակիչը կայացել է նոյեմբերի 24-ին։
Բեմում զգեստը ներկայացրել է մոդել, դերասանուհի և նկարչուհի Արենա Զեյնալյանը, որը կրում է «Միսս Տիեզերք Արմենիա-2026» և «Միսս Արմենիա-2018» տիտղոսները։
«Feya Couturier» բրենդի հեղինակները հրաժարվել են հայկական պատմական տարազի բառացի վերարտադրությունից՝ նախապատվությունը տալով ժամանակակից բարձր նորաձևությանն ու խորհրդանշական լուծումներին։
Այս տարի «Միսս Տիեզերք» մրցույթում Հայաստանի ազգային տարազի գլխավոր խորհրդանիշը նուռն է։ Կարմիրի հարուստ երանգներով զգեստը զարդարված է նռան հատիկները հիշեցնող փայլուն տարրերով և լրացված ծավալուն թիկնոց-քղանցքով։ Կերպարի գլխավոր շեշտադրումը բացված նռան տեսքով քանդակային գլխազարդն է։
Արենա Զեյնալյանի բեմական կերպարի ամբողջականացման աշխատանքներին մասնակցել է նաև դիմահարդար Էրիկ Սերանոն։