Հայ գիտնականի մասնակցությամբ ուսումնասիրվել է գրաֆենի ազդեցությունը երկմետաղական նանոմասնիկների վրա
29 Նոյեմբերի 2026, 18:30
Հարավային դաշնային համալսարանի (ՀԴՀ) ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի բյուրեղաֆիզիկայի բաժնի գլխավոր գիտաշխատող Նիկիտա Տեր-Հովհաննիսյանի մասնակցությամբ գիտնականները պարզել են, թե ինչպես են գրաֆենի կառուցվածքային արատները բարձրացնում նանոկատալիզատորների արդյունավետությունը։
Հետազոտության շրջանակում Նիկիտա Տեր-Հովհաննիսյանն իրականացրել է ածխածնի մոնօքսիդի (CO) միջավայրում երկմետաղական նանոմասնիկների վարքագծի համակարգչային մոդելավորում՝ կիրառելով մեքենայական ուսուցման միջոցով մշակված միջատոմային պոտենցիալը (MTP)։
Գիտնականները համեմատել են պլատինի յոթ և ոսկու յոթ ատոմներից կազմված ազատ նանոմասնիկի հատկությունները նույն բաղադրությունն ունեցող այն նանոմասնիկի հատկությունների հետ, որն ամրացված է եղել գրաֆենային հիմքի վրա՝ բյուրեղացանցի կետային արատ հանդիսացող ատոմային թափուր տեղում։
Հաշվարկները ցույց են տվել, որ գազի հետ փոխազդեցության հետևանքով վերակառուցվում է նանոմասնիկի ներքին կառուցվածքը։ Ազատ վիճակում պլատինի ատոմները տեղաշարժվել են դեպի նանոմասնիկի մակերևույթ՝ ձևավորելով CO-ի մոլեկուլների կլանման ակտիվ կենտրոններ։
Սակայն արատ ունեցող գրաֆենային հիմքի վրա նանոմասնիկի ամրացումից հետո ռեակցիայի մեխանիզմը փոխվել է։ Փոփոխության են ենթարկվել ինչպես կլանված գազի ընդհանուր քանակը, այնպես էլ դրա բաշխումը պլատինի և ոսկու ատոմների միջև։