Եթե մենք հիմա դուրս չգանք, վաղվա օրը չի լինելու. Մանան Բարսեղյան

22 Սեպտեմբերի 2023, 15:48

Քաղաքականություն

Ֆրանսիական համալսարանի նախկին շրջանավարտ, փաստաբան Մանան Բարսեղյանն իր ընկերների հետ այսօր բուհի դիմաց ակցիա է իրականացրել եւ առաջարկել՝ միանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներին:

«Սրճարաններում մարդիկ՝ ուղեղներն անջատած, նստած են, ինչ-որ բան են քննարկում, բայց ես չունեմ էդ տրամադրությունը, ես չեմ կարող գործի գնալ, տեղս հանգիստ նստել, մենք՝ նախկին ուսանողներով, այսօր ակցիա արեցինք: Եթե մենք հիմա դուրս չգանք, ապա վաղվա օրը չի լինելու: Եթե մարդիկ հիմա դաս են անում, գործի են գնում, վաղն էդ գործը, փողը հնարավոր է՝ էլ չլինի ու դրա համար բոլորս պետք է այսօր դուրս գանք փողոց»,- վարչապետի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ Alpha News-ի հետ զրույցում ասաց Մանանը:

Ֆրանսիական համալսարանից հետո Մանանն ու ընկերները երթով գնացել են Հայ-ռուսական եւ Հայաստանի ամերիկյան համալսարաններ: Մանանի խոսքով՝ Հայ-ռուսական համալսարանի ռեկտորն արգելել է ուսանողներին միանալ ակցիային:

«Դռները փակել էին ու չէին թողնում, որ մենք մտնենք, բայց ուսանողներն ուզում էին մասնակցել»,- ասաց Մանանը:

Նա կոչ արեց բոլորին համախմբվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի շուրջ՝ հանուն Արցախի ու Հայաստանի:

«Տվյալ իրավիճակում մենք պետք է ավելի ուժեղ լինենք: Արցախի ժողովուրդն այսքան ժամանակ պայքարել, դիմադրել է, բայց այսօր նրանք ցեղասպանվում են: Մենք անտարբեր լինելու իրավունք չունենք, 100 տարի առաջվա թշնամին չի փոխվել, նորից ցեղասպանում է մեզ»,- շեշտեց Մանանը: