Ստեփանակերտում կայացել է «Բարեկենդան» մանկական ներկայացման առաջնախաղը

17 Մայիսի 2023, 22:00

Մշակույթ

Այսօր` մայիսի 17֊ին, Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն- ֆրանկոֆոնիայի կենտրոնում «Ծիլ» տիկնիկային ստուդիայի կողմից կազմակերպվել է «Բարեկենդան» ներկայացման առաջնախաղը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում   տիկնիկային ստուդիայի հիմնադիր-ղեկավար Արմեն Գաբրիելյանը նշեց` ներկայացումն առանձնահատուկ է նրանով, որ կազմակերպվել է արցախյան բարբառով և  ինտերակտիվ տարբերակով։

Нет описания.

«Ինտերակտիվ ներկայացումների յուրահատկությունն այն է, որ կոտրվում է չորրորդ պատը՝ հանդիսատեսի և բեմի միջև`  հանդիսատեսին ևս մասնակից դարձնելով  ներկայացմանը: Մեր օրերում, երբ շրջափակման առաջ բերած խնդիրներին հաղորդակից են դառնում նաեւ երեխաները, պետք է հնարավորինս փոխել նրանց շրջապատող միջավայրը»,- նշել է մեր զրուցակիցը` հատկապես շրջափակման պայմաններում կարևորելով նման միջոցառումների  կազմակերպումը:

Ա. Գաբրիելյանի խոսքով`  ներկայացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելիս, իրավիճակով պայմանավորված,  բախվել են մի շարք  խնդիրների, սակայն դրանք, բարեբախտաբար,  հաջողվել է հաղթահարել:

Նա շնորհակալություն հայտնեց նաև Ֆրանկոֆոնիայի կենտրոնի աշխատակազմին` ներկայացումը կազմակերպելու նպատակով  դահլիճը տրամադրելու համար և իրազեկեց`«Բարեկենդան»-ը  փոքրիկ հանդիսատեսի դատին կներկայացվի նաեւ  Արցախի շրջաններում։

Нет описания.