Երևանի նորընտիր ավագանին պետք է քաղաքապետ ընտրի. դրսում զուգահեռ ակցիա է իրականացվում

10 Հոկտեմբերի 2023, 10:09

Քաղաքականություն

Այսօր տեղի է ունենալու Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ պետք է Երեւանի քաղաքապետ ընտրվի:

Նիստը դեռ չսկսված, քաղաքապետարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում՝ պահանջելով ընդդիմադիր ներկայացած ուժերին չմասնակցել ընտրություններին:

Ակցիայի համակարգող Կարեն Վրթանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեմ է Երեւանի քաղաքապետի ընտրությանը: Նրա խոսքով՝ ընդդիմադիր ներկայացած ուժերը չպետք է մասնակցեին այդ ֆարսին եւ չլեգիտիմացնեին այդ ընտրությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին տեղի էին ունեցել Երեւանի ավագանու ընտրություններ: Անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժերից ոչ մեկին չէր հաջողվել մեծամասնություն հավաքել, ինչը նշանակում է, որ քաղաքային իշխանություն ձեւավորելու համար ուժերը պետք է կոալիցիա կազմեին, սակայն ոչ մի ուժ այդպես էլ կոալիցիա չկազմեց:

Երեւանի քաղաքապետ ընտրվելու համար անհրաժեշտ է 33 ձայն, իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետություն» կուսակցությունը, որը ենթադրվում է՝ կքվեարկի իշխող ուժի թեկնածուի օգտին, միասին ունեն 32 մանդատ, իսկ ընդդիմադիր երեք ուժերը՝ «Ազգային առաջընթացը» «Մայր Հայաստանն» ու «Հանրային ձայնը»՝ 33 ձայն: Բայց «Ազգային առաջընթացը» գլխավորող նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ընդդիմադիր մյուս երկու ուժերին առաջարկել էր առանց գրավոր համաձայնության իրեն ընտրել Երեւանի քաղաքապետի պաշտոնում, «Մայր Հայաստանից» Անդրանիկ Թեւանյանը համաձայնել էր այդ առաջարկին, իսկ «Հանրային ձայնից» Վարդան Ղուկասյանը՝ ոչ, նա պահանջել էր, որ իր կուսակցությանը վերահսկողական պաշտոն տան քաղաքապետարանում, ինչն ըստ նրա՝ առանց գրավոր համաձայնության չի կարող լինել:

Քաղաքապետի ընտրության օրակարգով նիստին մասնակցում են միայն ՔՊ-ի, «Հանրապետության», և «Հանրային ձայն» կուսակցությունների ավագանու անդամները, իսկ «Մայր Հայաստանի» և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթացի» ավագանու անդամները ներկա չեն նիստին:

Եթե նորընտիր ավագանին այսօր քաղաքապետ չընտրի, ապա առաջիկայում պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ: Իշխող ուժի՝ ՔՊ-ի՝ քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է: