Հայ դատը կոչ է արել Իսրայելում ԱՄՆ հաջորդ դեսպանին դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին
21 Հոկտեմբերի 2023, 15:12
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Իսրայելում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջեյքոբ Լյուին օգնել դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին։
«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խնդրում է Իսրայելում ԱՄՆ հաջորդ դեսպանին Իսրայելի քաղաքականությունը համապատասխանեցնել ԱՄՆ հիմնական առաջնահերթություններին (ցեղասպանության կանխարգելում, տարածաշրջանային խաղաղություն, կրոնական խմբերի հարգանք) և դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կանխել ատելության հիմքով հանցագործությունները։
Ադրբեջանի զինանոցի մինչև 70%-ը ծագում է Իսրայելից, և այդ զենքերը, այդ թվում՝ ապօրինի կասետային զինամթերքը, հրթիռային համակարգերը և անօդաչու թռչող սարքերը, մեծ դեր են խաղացել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններում։
Որպես հայ-ադրբեջանական հակամարտությունների կարգավորման գործընթացի կողմ՝ Միացյալ Նահանգները պատասխանատվություն է կրում ապահովելու, որ մեր ռազմական գործընկերները չխաթարեն խաղաղության երկարաժամկետ հեռանկարները՝ յուղ լցնելով տարածաշրջանային կատաղի կրակների վրա»,- ասվում է հաղորդագրությունում: