Ջո Մանգանիելոն իր նոր գրքում պատմել է Հայոց ցեղասպանությունը վերապրած նախնիների մասին
15 Հոկտեմբերի 2026, 23:40
Հայկական ծագմամբ ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն ներկայացրել է իր «Bloodlines» («Տոհմածառ») հուշագրությունը, որը լույս է տեսել 2026 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Avid Reader Press հրատարակչությունում։
Գրքում նա անկեղծորեն պատմում է ծանր աուտոիմուն հիվանդությունների դեմ իր պայքարի և ընտանիքի պատմության ուսումնասիրության մասին։ Ընտանիքի պատմությունն ուսումնասիրելիս նա բացահայտել է Հայոց ցեղասպանությունը վերապրած իր նախնիների պատմությունը և հասկացել, թե ինչպես է այդ ցավը փոխանցվել սերունդներին։
Հուշագրությունը լայն արձագանք է ստացել մամուլում՝ դերասանի անձնական կյանքի մասին անկեղծ և երբեմն ցնցող բացահայտումների շնորհիվ։
Մանգանիելոն հայտնի է «Իսկական արյուն» («True Blood») հեռուստասերիալից, «Սուպեր Մայք» և «Սարդ-մարդը» ֆիլմերից։ Նրա նախատատը՝ Թերվիզ Դարաքչյանը, հրաշքով փրկվել է 1915 թվականին, երբ թուրքերը սպանել են նրա ամուսնուն և ութ երեխաներին։
Դերասանը բազմիցս պատմել է իր ընտանիքի այդ ողբերգական պատմությունը, այդ թվում՝ «Finding Your Roots» հեռուստանախագծի շրջանակում։
2024 թվականին նա այցելել է Հայաստան, գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի գրքում և եղևնի տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում։
Ի նշան իր արմատների նկատմամբ հարգանքի՝ Մանգանիելոն դաջվածքներ է արել հայերենով՝ «Հրեշտակ» և «Բախտ» բառերով։
2026 թվականի սեպտեմբերին դերասանը միացել է COAF հիմնադրամի Ararat Circle ծրագրին, որը միավորում է Հայաստանի գյուղական համայնքներում իրականացվող ծրագրերին աջակցել ցանկացող մարդկանց։