Լուկաշենկոն կտրուկ ձևով բացահայտել է Հայաստանի վերաբերյալ իր դիրքորոշման էությունը. Դմիտրի Բելյակով

26 Դեկտեմբերի 2023, 22:40

Կարծիք | Քաղաքականություն

Եվրասիական տնտեսական միության ինտեգրման հեռանկարների ուսումնասիրման կենտրոնի (ք. Մինսկ) տնօրեն Դմիտրի Բելյակովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նիստը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները Հայաստանի մասին:

Փորձագետի խոսքով՝ Լուկաշենկոն իրեն բնորոշ բավական կտրուկ ձևով բացահայտել է Հայաստանի վերաբերյալ իր դիրքորոշման էությունը:

«Բելառուսի և Հայաստանի միջև հարաբերությունները դիվանագիտական, տնտեսական են, ինչպես վայել է ՀԱՊԿ երկու անդամներին՝ Եվրասիական տնտեսական միության անդամներին։ Այդ հարաբերությունները պետք է դիտարկել որպես բարեկամական, որոնք ունեն այս կամ այն քաղաքական երանգավորումը։ Առաջին հերթին պետք է դիտարկել առևտրատնտեսական հարաբերություններն ու ժողովուրդների միջև բարեկամությունը։

Ինչ վերաբերում է բելառուսական պետության ղեկավարի հայտարարություններին, ապա նա, իրեն բնորոշ բավական կտրուկ ձևով, բացահայտել է էությունը։ Էությունն այն է, որ իսկապես Հայաստանը գտնվում է տնտեսական և աշխարհագրական բարդ իրավիճակում, քանի որ Հայաստանի համար հիմնական առևտրային գործընկերը Ռուսաստանն է և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները։ Եվ եթե Հայաստանն այս կամ այն ներքին պատճառներով որոշի ի շահ երրորդ ուժերի դուրս գալ ինտեգրացիոն միավորումներից, առաջին հերթին դա վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրին, Եվրասիական տնտեսական միությանը, ապա դա շատ բարդ տնտեսական հետևանքներ կունենա։ Ես կասեի, որ դա հարված կլիներ ոչ միայն Հայաստանի համար, այլ դա կզգային ինտեգրացիոն ասոցիացիայի մյուս բոլոր անդամները», — ասել է փորձագետը։

Բելյակովի կարծիքով՝ առանց ինտեգրացիոն միավորումների, ինչպիսիք են ՀԱՊԿ-ն ու Եվրասիական տնտեսական միությունը, Հայաստանի տնտեսությունը և Բելառուսի տնտեսությունը չեն դիմանա արտաքին մարտահրավերներին:

«Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են աստիճանաբար։ Այն, որ, օրինակ, Հայաստանի վարչապետը չի մեկնել ՀԱՊԿ գագաթնաժողովին, ռուսական կողմն այդ որոշումը դիտարկում է դիվանագիտական պրակտիկայի շրջանակներում։ Պետության ղեկավարները դրա բացարձակ իրավունքն ունեն։ Դրա հետ մեկտեղ կա ՀԱՊԿ գագաթնաժողովում ընդունված որոշումների վավերացման հարցը։ Իսկ այժմ Հայաստանը ներկա է Ռուսաստանում՝ եվրասիական ինտեգրման բարձր մակարդակի գագաթնաժողովին։ Այնպես որ, ես դա կդիտարկեի առաջընթաց:

Հնարավոր է՝ այցը հենց Մինսկում չի կայացել այս կամ այն պատճառով։ Ուզում եմ ընդգծել, որ Բելառուսի և Հայաստանի տնտեսական, ռազմաքաղաքական անկախությունը հիմնված է ինտեգրացիոն միավորումների վրա, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը և Եվրասիական տնտեսական միությունը։ Քանի որ առանց այդ միավորումների Բելառուսի տնտեսությունը և Հայաստանի տնտեսությունը չեն դիմանա արտաքին մարտահրավերներին։ Եվ այստեղ երկու պետությունների տնտեսությունների հզորության միջև մեծ տարբերություն չկա։ Պայմանականորեն, Ռուսաստանը առաջատարն է: Հաջորդը ասոցիացիայի անդամ մյուս երկրների փոքր տնտեսություններն են»,- եզրափակել է փորձագետը։