Ակնկալվում է՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի մինչև հուլիս. Fitch-ի վերլուծաբաններ

03 Փետրվարի 2024, 16:10

Քաղաքականություն

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի վերաբերյալ իր` 2024թ. կանխատեսման մեջ կարծիք է հայտնել այն մասին, որ աշխարհաքաղաքական ռիսկերը պահպանվում են։

«Ադրբեջանի կողմից 2023թ. սեպտեմբերին ԼՂ-ի զավթումից հետո Հայաստանը ներկայում փորձում է պայմանավորվել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Մեր կարծիքով՝ աշխարհաքաղաքական ռիսկերը պահպանվում են, քանի որ երկու երկրների միջև մնում են մի քանի վիճելի հարցեր, ներառյալ Ադրբեջանի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև ցամաքային կապի շինարարությունը, որն անցնելու է Հայաստանի տարածքով, և սահմանազատումը որոշ շրջաններում»,- նշել են գործակալության փորձագետները։

Fitch Solutions-ի վերլուծաբանները կարծում են, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են խաղաղ պայմանագիր ստորագրել 2024 թվականի առաջին կեսին:

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել արդեն 2024 թվականի առաջին կեսին: Կարծում ենք՝ մեծ հավանականություն կա, որ խաղաղության համաձայնագիրը կներառի դրույթներ՝ ուժեղացնելու Ադրբեջանի վերահսկողությունը «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման ուղղությամբ, որը տանում է դեպի Նախիջևանի էքսկլավ»,- ասվում է նրանց եզրակացության մեջ։