WOFA-ն չեղարկել է արցախյան համույթների մասնակցությունը Վիեննայի փառատոնին՝ դեսպանատների միջամտությունից հետո. «ԱՄՊԿ» ՀԿ-ն ահազանգում է
23 Հոկտեմբերի 2026, 18:15
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» (ԱՄՊԿ) հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի մասնակցության պաշտոնական հրավերը։
Պաշտոնական հրավերի հիման վրա համույթները շուրջ երեք ամիս ինտենսիվորեն պատրաստվել էին փառատոնին՝ մշակելով հատուկ ծրագիր։ Սակայն հոկտեմբերի 21-ին կազմակերպիչները հայտնել են մասնակցության չեղարկման մասին։
ԱՄՊԿ նախագահ Ապրես Մարգարյանի և WOFA-ի նախագահ Զորան Ստրեզովսկու նամակագրության ընթացքում վերջինս տեղեկացրել է, որ դեսպանատնից ստացված գրության մեջ մշակութային խմբերը ներկայացվել են որպես «վտանգավոր»։ Հոկտեմբերի 23-ին Ստրեզովսկին լրացուցիչ պարզաբանել է, որ մի քանի դեսպանատներ միջամտել են՝ համույթներին մեղադրելով «անջատողական գործունեություն» իրականացնելու մեջ և առաջարկելով չհրավիրել նրանց։
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն կտրականապես մերժում է արվեստագետներին վերագրվող այս մեղադրանքները։ Կազմակերպությունը հիշեցնում է, որ 2023 թվականին արցախահայության բռնի տեղահանումից հետո իրենց առաքելությունն է դարձել Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության կենդանի կրող հանդիսացող համույթների պահպանումը։ Հատկանշական է, որ 2025 թվականին արցախցի արվեստագետները հաջողությամբ մասնակցել էին Իտալիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավատարմագրված գործընկեր CIOFF-ի միջազգային փառատոնային ծրագրերին՝ արժանանալով բարձր գնահատականի։
ԱՄՊԿ-ն ընդգծում է, որ բռնի տեղահանված արվեստագետների մասնակցության սահմանափակումը քաղաքական բնույթի մեղադրանքներով լուրջ մտահոգություն է առաջացնում մշակութային իրավունքների խախտման առումով։ Կազմակերպությունն արդեն դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ աջակցության խնդրանքով։
Միևնույն ժամանակ, WOFA-ի նախագահից պահանջվել է հայտնել միջամտած դեսպանատների անուններն ու ներկայացված մեղադրանքների փաստական հիմքերը։ ՀԿ-ն հայտարարում է, որ հետևողական է լինելու տեղի ունեցածի ամբողջական պարզաբանման և արցախցի արվեստագետների իրավունքների պաշտպանության հարցում։