Փարիզում տեղի է ունեցել ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման արարողությունը

22 Փետրվարի 2024, 15:10

Հայեր

Փարիզում տեղի է ունեցել ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման արարողությունը, որը սկսվել է կնոջը՝ Մելինեին ուղղված նրա նամակի ընթերցմամբ:

«Իմ սիրելի Մելինե, մի քանի ժամից ես այս աշխարհում չեմ լինի: Շուտով՝ ժամը 15:00-ին, մեզ գնդակահարելու են։ Ես չեմ հավատում, բայց գիտեմ, որ այլևս երբեք չեմ տեսնի քեզ: Ես խորապես ցավում եմ, որ չկարողացա քեզ երջանկություն բերել: Ես շատ էի ուզում քեզանից երեխա ունենալ, դա դու էլ ես միշտ ցանկացել։ Խնդրում եմ քեզ, պատերազմից հետո անպայման ամուսնացիր և երեխա ունեցիր։ Ի պատիվ ինձ և ի կատարումն իմ վերջին ցանկության, ամուսնացիր նրա հետ, ով կկարողանա քեզ երջանկացնել…»,- գրել էր Մանուշյանը:

Այնուհետև ռեժիսոր և դերասան Սերժ Ավեդիկյանն ընթերցեց դիմադրության հերոսների անունները: Մանուշյանի և նրա տիկնոջ աճյուններով դագաղները դուրս են բերվել հայկական դուդուկի հնչյունների ներքո։

Նրա աճյունը վերահուղարկավորել են ֆրանսիացի այնպիսի մեծ գործիչների գերեզմանների կողքին, ինչպիսիք են Վիկտոր Հյուգոն, Ժան-Ժակ Ռուսոն, Մարի և Պիեռ Կյուրին, Էմիլ Զոլան, Ալեքսանդր Դյուման և այլք։

Մանուշյանը դարձել է դիմադրության 9-րդ հերոսը, որը թաղվել է պանթեոնում 1964 թվականին Ժան Մուլենի աճյունն այնտեղ տեղափոխելուց հետո: Նա նաև առաջին օտարերկրացին և կոմունիստն է, ով արժանացել է նման պատվի։

80 տարի առաջ՝ 1944 թվականի փետրվարի 21-ին, Մանուշյանը գնդակահարվել է Ֆորտ Մոն Վալերիենի բանտում՝ ֆաշիստական օկուպացիայի դեմ պայքարող 20 զինակիցների հետ միասին։