Վիետնամի մայրաքաղաք Հանոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ երեք մարդ զոհվել է
24 Նոյեմբերի 2026, 13:30
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում երկհարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս վեցը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին երեքշաբթի հայտնում է VNExpress լրատվական պորտալը։
«Պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ի սահմաններում, երկհարկանի շենքի առաջին հարկում գտնվող սրճարանում։ Պայթյունի ուժգնության հետևանքով շենքը փլուզվել է։ Երեք մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել»,- նշվում է հրապարակման մեջ։
Ոստիկանության նախնական քննության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել սննդի կետի գազօջախի մոտ։ Պայթյունի պահին սրճարանում եղել են նախաճաշելու եկած այցելուներ և հաստատության աշխատակիցներ։ Զոհվածներից մեկը եղել է անցորդ, որը ողբերգության պահին անցել է սրճարանի կողքով։
Պայթյունի հետևանքով վնասվել է նաև հարակից ավելի քան մեկ տասնյակ տուն՝ 15 մետր շառավղով, ինչպես նաև շրջվել և վնասվել են մի քանի կայանված մոտոցիկլետներ։
Ոստիկանությունը չի բացառում, որ փլատակների տակ դեռ մարդիկ կարող են լինել։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և կամավորների խմբերը, ինչպես նաև ծանր տեխնիկա՝ փլատակների տակ հնարավոր տուժածներին հայտնաբերելու և որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով։