Որևէ բեկում չի սպասվում. Բունդեսթագի պատգամավորը՝ Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների մասին
29 Փետրվարի 2024, 21:30
Բունդեսթագի պատգամավոր Եվգենի Շմիդտը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Բեռլինում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Նրա կարծիքով՝ Գերմանիայի վրա ոչ ոք չպետք է հույս դնի։
«Ես կարծում եմ, որ Գերմանիայի վրա ընդհանրապես ոչ ոք չպետք է հույս դնի։ Գերմանիան ոչ հուսալի միջնորդ է, ոչ էլ միջազգային ասպարեզում որևէ անկախ խաղացող, այսինքն՝ լիովին ՆԱՏՕ-ին ենթակա կառույց է կամ պետություն, կարելի է ասել», — ասել Է Շմիդտը:
Պատգամավորի խոսքով՝ փորձ է արվում ապակայունացնել իրավիճակը և Հայաստանն ավելի ու ավելի ներքաշել իր շահերի տիրույթում:
«Ինչ վերաբերում է Բեռլինի բանակցություններին, ես կարծում եմ, որ դրանք պարզապես ինչ-որ քայլեր են։ Այսինքն՝ ոչ մի բեկում չի սպասվում։ Մենք գիտենք, որ Հայաստանի ղեկավարը շատ եվրոպամետ է և հակառուսական է տրամադրված, դրա համար էլ բանակցային հարթակն ընտրվել է ինչ-որ տեղ Եվրոպայում, դա միանգամայն տրամաբանական է։ Բայց առաջընթաց առանց ուղղակիորեն սահմանակից պետությունների և տարածաշրջանում խոշոր խաղացողների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի մասնակցության կամ գոնե նրանց ինչ-որ միջնորդության, ես չեմ ակնկալում։ Ես չեմ կարծում, որ այստեղ եվրոպացիները ինչ-որ բանի կհասնեն։
Կարծում եմ, որ Գերմանիան այլևս իր շահերը չունի։ Ավելի ճիշտ՝ դրանք կան, բայց քաղաքական ղեկավարությունը դրանք չի պաշտպանում։ Իհարկե, ի սկզբանե գազի մատակարարման պատճառով Գերմանիան ավելի պրոադրբեջանական դիրքորոշում ուներ, բայց քանի որ Հայաստանը հակառուսական քաղաքականություն է վարում, և այնտեղ ռուսական բազա կա, սա բարդ հարց է։ Այսինքն, ամեն դեպքում փորձ է արվում ապակայունացնել իրավիճակը և ավելի ու ավելի ձգել Հայաստանն իր շահերի տիրույթում», — եզրափակել Է Շմիդտը: