Հայաստանը որոշում չի կայացրել «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ, պաշտոնական ուղիներով ՌԴ-ին այդ մասին չի հաղորդվել. Պեսկով
06 Մարտի 2024, 15:17
Հայաստանը որոշում չի կայացրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ, պաշտոնական ուղիներով Ռուսաստանին այդ մասին չի հաղորդվել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Որքան մենք հասկանում ենք, այդ հարցում որոշումներ չեն եղել: Եվ ոչ ոք մեզ այդ որոշումները չի փոխանցել պաշտոնական ուղիներով», — ասել է Պեսկովը:
Փետրվարի 27-ին Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ռուս սահմանապահները պետք է լքեն Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը՝ հավելելով, որ հայկական կողմն ինքը կպաշտպանի երկրի սահմանները։
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան Երևանից որևէ հարցում չի ստացել օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։