Տուրօպերատորները ռուսների համար խոչընդոտներ չեն տեսնում Հայաստանում «Միր» քարտերի դադարեցման պատճառով

19 Մարտի 2024, 19:30

Քաղաքականություն

Ռուսաստանի տուրիստական գործակալությունների դաշինքի փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում «Միր» քարտերի սահմանափակումներին։

Նրա խոսքով՝ երկիրը գտնվում է ռուբլու գոտում, ուստի ուղղությունը հայտնի կմնա ՌԴ քաղաքացիների շրջանում: Այս մասին գրում է govoritmoskva.ru-ն:

«Փառք Աստծո, Հայաստանը ռուբլու գոտում է, ռուբլին բացարձակ համարժեք շրջանառություն ունի, ընդունում են բոլոր մասնավոր խանութներում, շուկաներում։ Ռուսները, որոնք գալիս են՝ իրենց մոտ ունենալով ռուբլի, անտեսված չեն զգա: Այո, սա որոշակի հարված է ռուսական ներգնա զբոսաշրջությանը, բայց ես այն չէի համարի մեծ խոչընդոտ Հայաստան այցելելու համար։ Հայաստանն աշխարհի այն երկրներից է, որտեղ կարելի է գալ առանց արտասահմանյան անձնագրի՝ սովորական ռուսական անձնագրով, ՎՏԲ բանկի «Միր» քարտով, պարզապես կանխիկ ռուբլով, ոչ մի դոլար, եվրո պետք չէ։ Ռուբլին փոխանակվում է Հայաստանի բոլոր բանկերում։

Ես չէի ասի, որ ռուսներն իրենց անհարմար կզգան Հայաստանում։ Երկիրը դեռ ռուսախոս է, բոլորը՝ մեծից փոքր հիանալի խոսում են ռուսերեն, հիանալի վերաբերմունք ունեն Ռուսաստանից եկած հյուրերի նկատմամբ։ Այս տարի ակնկալում ենք, որ Հայաստան կգա ավելի քան 150 հազար ռուսաստանցի։ Հայաստանը խոշոր տարանցիկ կետ է ամբողջ աշխարհով մեկ ճանապարհորդող ռուսաստանցիների համար, իսկ երկիրն ինքնին գրավիչ և էժան է նրանց համար: Երևանի կենտրոնում լավ ռեստորանում սնվելն ավելի էժան է, քան Մոսկվայի կենտրոնում», — ասել է նա։