Պարգև Սրբազան. Իր ժողովրդի նվիրյալ զավակն ու Արցախի հերոսը

20 Մարտի 2024, 21:55

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Այսօր Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ծննդյան օրն է։

Պարգև Մարտիրոսյանը ծնվել է 1954 թվականի մարտի 20-ին։ Սովորել է Սումգայիթ քաղաքի միջնակարգ դպրոցում։ Արդեն 1966 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստանի մայրաքաղաք։

1971 թվականին ավարտել է Երևանի թիվ 122 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը։ 1971-1972 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարան) էլեկտրա-տեխնիկական բաժնում։ Այնուհետև տեղափոխվել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ (այժմ՝ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան), որն ավարտել է 1976 թվականին։

Դիպլոմային աշխատանքների համամիութենական մրցույթում Պարգև Մարտիրոսյանի ստեղծագործությունը արվեստի և բարոյականության խնդրի շուրջ՝ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպում, արժանացել է ոսկե մեդալի։

Մարտիրոսյանը մի քանի տարի նույնիսկ ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Հոկտեմբերյանի շրջանի Եղեգնուտ գյուղի դպրոցում։

Իսկ մինչև 1980 թվականը աշխատել է Արդյունաբերության Նախարարությունում՝ որպես առաջատար մասնագետ։

1980 թվականին ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան։ 1983 թվականին Ստեփանոս Նախավկայի տոնի առթիվ Գերաշնորհ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը նրան ձեռնադրել է սարկավագ։

1985 թվականի սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1987 թվականին ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան։ 1987 թվականին նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր։ 1987 թվականի ապրիլ ամսին ստացել է Վարդապետի, իսկ 1988 թվականին՝ Ծայրագույն Վարդապետի աստիճան։ 1988 թվականի նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1989 թվականի մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ։

Իր բեղմնավոր գործունեության համար Պարգև Սրբազանը (Մարտիրոսյան) Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի կողմից պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով, շքանշաններով և շնորհակալագրերով, այդ թվում՝ ԼՂՀ «Արցախի հերոս» կոչումով, «Ոսկե արծիվ» շքանշանով:

Նա նաև Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտների միության և Հայաստանի շոտոկան կարատեի ֆեդերացիայի նախագահն է։ Սրբազանին ԳԱԱ-ի պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել 2014թ-ին: 2021թ. հունվարի 21-ին ազատվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվել հատուկ հանձարարություններով հայրապետական նվիրակ։