Սեդա Վերմիշևայի հիշատակին նվիրված երեկո՝ Մոսկվայում

31 Մարտի 2024, 21:32

Հայեր

Մոսկվայի Ազգությունների տանն ապրիլի 2-ին տեղի կունենա հասարակական գործիչ, բանաստեղծուհի Սեդա Վերմիշևայի հիշատակին նվիրված երեկո:

Բանաստեղծուհու մասին հուշերով հանդես կգան նրա գրչակից ընկերներն ու մտերիմները՝ մոսկվաբնակ հասարակական գործիչներ Լևոն Օսեպյանը, Ալեքսանդր Երկանյանը, Գերման Անանյանցը, Անդրեյ Ֆիլինը, Տատյանա Ֆեոֆանովան, Յուլիա Յանիկովան և Անժելա Ավանեսովան:

Կհնչեն նաև բանաստեղծություններ Գոհար Քերոբյանի և Էլմիրա Աղաբաբյանի կատարմամբ:

Սեդա Վերմիշևան ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 9-ին Թբիլիսիում։ Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև` ասպիրանտուրան: Շուրջ 25 տարի որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀՍՍՀ տնտեսագիտության և պլանավորման ինստիտուտում: Եղել է ԽՍՀՄ գրողների միության և ԽՍՀՄ Գրական հիմնադրամի, Մոսկվայի գրողների միության և ՌԴ գրողների միության անդամ:

Հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվել է գրական գործունեությամբ։ ԽՍՀՄ փլուզումից հետո Վերմիշևան տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատել է որպես ԼՂՀ ներկայացուցչության փորձագետ:

Նրա վաստակը գնահատվել և նշանավորվել է ինչպես ՀՀ-ի և Արցախի, այնպես էլ Ռուսաստանի պետական և գրական բարձր պարգևներով: Ստեղծագործական ակնառու նվաճումների համար արժանացել է Մովսես Խորենացու մեդալի, ռուս-հայկական համագործակցության հիմնադրամի և ՀՀ գրողների միության գրական մրցանակի: